Ադրբեջանը գնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Թովմաս Պողոսյանը՝ քյամանչան Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ ճանաչելու մասին

Քյամանչայի կատարողական արվեստը եւ այդ երաժշտական գործիքի պատրաստումը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության կողմից ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի եւ Իրանի մշակույթի նմուշ: Նշենք, որ դեկտեմբերի 4-9-ը տեղի է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Հայաստանի պատվիրակության անդամներն օրեր առաջ մեկնել են Հարավային Կորեա՝ մասնակցելու նիստին։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, այն, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն քամանչան Ադրբեջանի եւ Իրանի մշակույթի մաս է ճանաչել, ինչի՞ արդյունք է, ըստ Ձեզ։

-Փողի արդյունք է․ Ադրբեջանը գնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահության անդամ է, իսկ Ադրբեջանը բազմապատիկ շատ է վճարում իր անդամակցության համար, քան Հայաստանը։ Ով փող ունի, նա էլ ամենաուժեղն է, նա է ճիշտը։ Բայց ես ասել եմ ու կասեմ՝ ո՞վ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որ որոշի՝ ես հայ եմ, թե ոչ, որ որոշի՝ Արարատը Հայոց սրբազան լե՞ռն է, թե՞ ոչ։

-Ի՞նչ եք կարծում, առհասարակ, արժի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն այդքան կարեւորել, նրա որոշումներն արժեւորել։

-Բացարձակ։ Նրանք են այդ կառույցի որոշումներին առանձնահատուկ կերպով արձագանքում, ովքեր ինքնահաստատման կարիք ունեն։ Ինչո՞ւ է պետք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատի, որ, օրինակ, դուդուկը հայկական նվագարան է, ո՞ւմ է դա պետք, օրինակ՝ Կոնգոյի բնակչին, ավստրալացուն դա հետաքրքրո՞ւմ է։ Մենք ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունենք։ Ես խոսել եմ ադրբեջանցիների հետ, ասել եմ, լավ, եթե քյամանչան ձերն է, ինչպե՞ս է պատահել, որ բացի այն, որ հայերս հազարավոր տարիներ նվագել ենք այդ գործիքը, քյամանչահար Ալեքսանդր Հովհաննիսյանն էլ դրան ավելացրել է չորրորդ լարը։ Արդյունքում այսօր ամբողջ աշխարհը քյամանչան նվագում է չորս լարով։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմը կարո՞ղ էր ձեռնարկել ինչ-որ քայլեր, որ չարեց, ինչո՞ւ մեր պատվիրակության անդամներն ի վերջո անզոր գտնվեցին։

-Իմ կարծիքով, հայկական կողմն անելիք չունի, կարող է միայն դիրքորոշում հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ որոշումներ կայացնողը։

-Բայց եթե մշակույթի նախարարության պատվիրակությունն արդեն Հարավային Կորեայում է, նշանակում է՝ կարեւորում է այդ կառույցի որոշումները։

-Դե, կարեւորում է, թող նախարարությունն էլ պատասխան տա։

-Բայց հիշենք նաեւ, որ, օրինակ, նախորդ տարի Հայաստանի պատվիրակությունը տապալել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի վերաբերյալ հայտն արագ անցկացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձը։

-Բայց եթե հիմա Ադրբեջանը փող է տվել, ոչինչ էլ հնարավոր չի լինի տապալել։

-Իսկ մենք չգիտե՞նք, որ կոռուպցիայի միջոցով են հարցեր վճռվում, ինչո՞ւ ենք այդ դեպքում գնում նիստին։

-Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել նախարարությանը։

-Որպես արվեստագետ՝ այս ամենից հետո ի՞նչ կոչով կարող եք հանդես գալ։

-Այդ ողորմելիները՝ ադրբեջանցիները, կրկնում եմ՝ ինքնահաստատման կարիք ունեն, որովհետեւ իրենց պատմությունն ընդամենը 100 տարեկան է։ Բայց մենք նման խնդիր չունենք։ Այսքանը։

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը եւս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է նաեւ հայկական քոչարին։ Հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ առաջարկվող թեկնածությունները գնահատելու եւ ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար:

Աննա Բաբաջանյան