ՖՈՏՈ. Ովքեր են բոլոր ժամանակների 10 ազդեցիկ մոդելավորողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոկո Շանել (Coco Chanel) կամ Գաբրիել Բոնյոր Շանել. Հայտնի ֆրանսիացի դիզայներ, ում ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը նորաձևության աշխարհից միայն նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Կոկո Շանելն այն մոդելավորողն էր, ում ձեռքով կանացի հագուստն ազատվեց ճնշող կորսետներից, որոնք այն ժամանակվա հագուստների անբաժանելի մասն էին կազմում: Նա կանանց ցույց տվեց՝ ինչպես համադրել գեղեցկությունն ու հարմարավետությունը:

Իվ Սեն Լորանը (Yves Saint Laurent). 20-րդ դարի ֆրանսիացի առաջատար մոդելավորողներից էր։ Հենց նա է համարվում unisex ոճի հիմնադիրը: Նա առաջինն էր, ում ցուցադրությունների ժամանակ պոդիումի վրա սևամորթ մոդելներ էին քայլում: Իվ Սեն Լորանն իր գործընկեր Պիեր Բերգեի հետ 1962թ. հիմնադրեց Իվ Սեն Լորան ընկերությունը: Չնայած մոդայի տունն արդեն գոյություն չունի, սակայն այդ բրենդը դեռևս պահպանվում է մայր ընկերություն «Գուչիի» կողմից: YSL բրենդը դեռևս հանդիսանում է մեր օրերի ամենամեծ պահանջարկ ունեցող պիտակը:

Քրիստիան Դիոր (Christian Dior). Նրա ամենավաղ հավաքածուն կոչվում էր «New Look»: «New look»-ը, որ թարգմանաբար նշանակում է նոր հայացք, նոր տեսք, առաջին հերթին «ավազե ժամացույցի» էլեգանտ ուրվագիծ է` փոքրիկ ուսեր, բարձր կուրծք, բարակ իրան և կլորիկ կոնքեր: «Dior»-ի այցեքարտերից է նաև «Lady Dior» պայուսակը: Առաջին էքսկլյուզիվ մոդելը ձեռք է բերել Ֆրանսիայի այն ժամանակվա Առաջին տիկին Բերնադտ Շիրակը:

Ալեքսանդր ՄակՔուին (Alexander McQueen). Նրան 4 անգամ շնորհվել է «Լավագույն բրիտանական դիզայներ» կոչումը: ՄակՔուինի ստեղծած կայսրությունն իրենից ներկայացնում է ոչ միայն նրբաոճ զգեստներ, այլ նաև աքսեսուարներ, կոշիկներ, օծանելիք և կոսմետիկ միջոցներ: Նա ուներ մեծ պահանջարկ, ֆանտաստիկ գաղափարներ և մեծ հիացմունք էր վայելում:

Քելվին Կլեին (Calvin Klein). Մեծ ճանաչում և պահանջարկ ունեցող ամերիկյան մոդելավորողն իրական հաջողության հասավ՝ շնորհիվ փայլուն գովազդային գաղափարների:

Նա ստեղծեց բրենդ, որն արդեն ավելի քան 4 տասնամյակ ամենապահանջվածներից մեկն է:

Նա առաջինն էր, ով ջինսերը բարձրացրեց պոդիում՝ այն դարձնելով առօրյա աշխատանքային սեքսուալ հագուստ:

Ջորջիո Արմանի (Giorgio Armani). Իտալացի մոդելավորող, ում կարիերան համարում են ֆենոմենալ: Նա ասպարեզ եկավ և հայտնեց իր մասին բավականին ուշ՝ 40 տարեկան հասակում: Ջորջիո Արմանին մարդկանց խորհուրդ է տալիս կրել այնպիսի կոստյում, որը սազում է տվյալ մարդուն, և որի մեջ մարդն իրեն հարմար և վստահ է զգում։ Այսօր «Արմանի» ընկերությունը թողարկում է օծանելիք, կոշիկ, աքսեսուարներ, ոսկյա զարդեր։ Նրա կոստյումները կրում են աշխարհի առավել հայտնի տղամարդիկ, և ցուցադրվում են մի շարք ֆիլմերում:

Վալենտինո Գարվանի (Valentino Garavani). Ստեղծել է «Valentino red» զգեստները: Նրա զգեստներն այնքան հարգված էին, որ հանդիսանում են ամբողջ աշխարհի պատկերասրահներում և թանգարաններում ամենաշատ ցուցադրվածները:

Ջաննի Վերսաչի (Gianni Versace). Նրան բնորոշում էին որպես ժամանակի տրամադրությունը որսացող անձնավորություն: Նրա շքեղ ոճը միանգամայն համապատասխանեց 80-ականների աստղերին: Նա պրովակացիայի էր ենթարկում հանրությանը, նրա մոտ ամեն ինչ «չափազանց» էր. Զգեստները՝ չափազանց համարձակ կամ չափազանց վառ էին, նրա հավաքածուները ճառագայթում էին անկեղծ սեքսուալություն: Նա երբեք չէր վախենում փորձարկումներից: Վերսաչիի մահից հետո, նրա ընկերությունը սկսեց գլխավորել նրա կրտսեր քույրը` Դոնաթելան:

Վիվիեն Վեստվուդ (Vivienne Westwood). Բրիտանացի մոդելավորող, նորաձևության մեջ պանկ ոճի հիմնադիր: Նրան անվանում էին «սկանդալի թագուհի»: Վիվիենը չի դադարում ցնցել հանրությանը:

Պետք է ունենաս բացառիկ քաջություն, որպեսզի հավատարմորեն հետևես Vivienne Westwood-ի ոճին, այս ամենի հետ մեկտեղ՝ Vivienne Westwood-ը դիտարկվում է՝ որպես ժամանակակից նորաձևության կարևորագույն դերակատարներից:

Մարկ Ջակոբս (Marc Jacobs). Ամերիկացի մոդելավորող, Marc Jacobs բրենդի գլխավոր դիզայներ, նաև հանրահայտ «Louis Vuitton» ֆրանսիական նորաձևության տան ստեղծագործական տնօրենն է: Նրա հավաքածուներում զարմանալի կերպով համատեղվում են լիովին անհամադրելի հագուստի դետալներ: Ներկայումս «Marc Jacobs International» ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ «The Marc Jacobs Collection», «Marc by Marc Jacobs» և «Little Marc», որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարիքային սեգմենտը:




Լրահոս