Վերահսկիչ պալատի շենքը հիմնովին կվերանորոգվի

ՀՀ վերահսկիչ պալատի՝ ԱԺ տարածքում գտնվող շենքում տեւական ժամանակ է՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՎՊ-ն ձեռնամուխ է եղել հիմնովին վերանորոգման: Մինչ այդ պալատը նոյեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Ագաթ 777» ընկերության հետ այդ նպատակով:

Տեղեկացնենք, որ պայմանագրի ընդհանուր գինը կազմում է մոտ 14.5 մլն դրամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրեն Աղվան Կարապետյանը ծնունդով ապարանցի է, Արագած գյուղից, եւ այդ նույն ընկերությունն է իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի շենքի շինաշխատանքները: ՎՊ-ի դեպքում նորոգման աշխատանքները որոշակի դանդաղությամբ են առաջ գնում, այնպես որ պալատի աշխատակիցները ստիպված են աշխատանքի գնալ ոչ թե ԱԺ տարածքում գտնվող մասնաշենքում, այլ Խանջյան փողոցում տեղակայված իրենց մասնաճյուղում: