ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԱԶԳԱԿԱՆԻՆ 4-ՐԴ ՀԱՐԿԻՑ ՑԱԾ ԵՆ ՆԵՏԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է:

Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա: Ըստ ամենայնի, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է մեքենային, տեսել է կնոջը՝ արնաշաղախ վրան ընկած, որից հետո հյուրանոցում մեծ աղմուկ է բարձրացել:
Հյուրանոցում գտնվող անձինք, վայր ընկած կնոջ ազգականները, ահազանգել են շտապօգնություն, ինչից հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Արդեն բժշկական հաստատությունից կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն: Նշենք, որ կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեսը փակ վիճակում: Դա կարող է 2 պատճառով եղած լինել. կա՛մ որպեսզի նրան չճանաչեն, կա՛մ ընկնելուց հետո կնոջ դեմքն անասելի վնասված է եղել:
Ինչո՞ւ էր հայտնի պաշտոնյայի ազգականը գնացել հյուրանոց եւ, առհասարակ, ինչպե՞ս է ստացվել, որ կինը 4-րդ հարկից ընկել է:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց կատարվածի մասով պարզաբանում ստանալ ոստիկանությանից: Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Նոյեմբերի 27-ին, ժամը 18:30-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասից իրենց մոտ է տեղափոխել պոլիտրավմա ախտորոշմամբ մոտ 60 տարեկան մի կնոջ»:
Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության՝ պարզվել է, որ կինը Մաշտոցի պող, 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի հետնամասի 2-րդ (սա ոստիկանության պաշտոնական տվյալներով) հարկից պատահաբար վայր է ընկել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Բայց ամեն դեպքում կատարվում է հետաքննություն:
Դատելով ոստիկանության պաշտոնական պատասխանից՝ հայրենի պաշտոնյայի մտերիմները գլխացավանքից ազատվելու համար իրավապահներին ասել են, թե դեպքը տեղի է ունեցել պատահաբար: Բայց անկախ այն հանգամանքից, թե ինչ են պատմել կնոջ հարազատները, իրավապահները գործին համապատասխան ընթացք են տվել` պարզելու՝ նա ինքնասպանություն կատարելու համա՞ր է իրեն ցած նետել, թե՞ կնոջը ինչ-որ մեկն է ցած նետել:
Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել հյուրանոցի ղեկավարության հետ: Սակայն հյուրանոցից չկարողացան պատասխանել հարցին՝ դեպքը պատահաբա՞ր է եղել, թե՞ կնոջը ցած են նետել: Հյուրանոցի աշխատակիցը, լսելով դեպքի մասին, միայն ասաց. «Մեզ մոտ որեւէ տեղեկություն չկա այդ դեպքի հետ կապված»:
Մեր այն հարցին, որ հյուրանոցում նման դեպք չի՞ եղել, աշխատակցուհին նշեց. «Կրկնում եմ՝ նման դեպք եղել է, թե ոչ, մեզ այդպիսի լուր չի հասել, այլ հարցով չեմ կարող օգնել»:
Իսկ ինչ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը՝ ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության փորձ, կպարզվի ապագայում:
Հավելենք, որ երեկ բժշկական կենտրոնից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կինը դեռես գտնվում է վերակենդանացման բաժնում, եւ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հ. Գ. Անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում ո՛չ տիկնոջ, ո՛չ էլ բժշկական կենտրոնի անունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՒՐԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ
Աժ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որը Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել եւ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` հայտնի Շմայսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով: Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր.«Ինքը հաստատ չկա այս գործերում: Հիմա նա վրացի ընկեր ունի, ի՞նչ իմանա, թե նա ինչով է զբաղված: էս մարդը իր վրացի ընկերոջ տունը հյուր է գնացել, եկել են, նրան բռնել են ու մյուսներին էլ են տարել»:
Նշենք, որ Վրաստանի իրավապահները անգամ թույլ չէին տալիս նախկին պատգամավորի հորեղբորորդու ազգականներին տեսակցել նրան, անգամ նախկին պատգամավորն էր փորձեր արել, սակայն փորձերն անցել էին ապարդյուն:
Ինչեւէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ Վաստանի դատարանի կողմից արդարացման վճիռ է հրապարակվել. «Արդարացման վճիռ է հրապարակվել, նրան ազատ են արձակել, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ նա իր ընտանիքի գրկում է, կրկնում եմ՝ Վրաստանի դատարանը նրան արդարացրել է»:
Նշենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը` Մանախը, ով վերջերս ազատ արձակվեց բանտից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ԿՍԿՍԵՆ
Դեկտեմբերի 11-ից սկսած մեր երկրում 9-13 տարեկան աղջիկներին կպատվաստեն «Գարդասիլ» կոչվող քառավալենտ պատվաստանյութով: Այս պատվաստանյութը կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմա վիրուսի վարակի դեմ է:

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
Ճաճոյի Էդոյի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործը կարճվել է՝ գործում զղջալու հիմքով: Հիշեցնենք, որ Տիգրան Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրվում էր նրա կինը: Մարտիրոսյանի դիակը հայտնաբերվել էր տանը՝ հրազենային վնասվածքներով: Կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017թ. մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տ. Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով: Կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ամուսինը տեղում մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել:

 

 

ՍԿՍՎԵԼ Է
Երեկ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջապես սկսվել է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը: «Սասնա ծռեր»-ի անդամների գործը դատարան էր ուղարկվել դեռեւս ամիսներ առաջ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանին չէր հաջողվում նիստեր անցկացնել: Որոշում է կայացվել գործը կիսել 3 մասի: Առանձնացված մասով նախագահող Մեսրոպ Մակյանն անցկացրել է նախապատրաստական փուլը: Երեկ հայտարարվել է դատաքննությունը սկսելու մասին: Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը սկսել է հրապարակել մեղադրանքների եզրափակիչ մասը: Նշենք, որ մինչ մեղադրողն ընթերցել է մեղադրանքների եզրափակիչ մասը, Արայիկ Խանդոյանը պարբերաբար նրան հորդորել է իրեն ամբաստանյալ, կալանավոր կամ մեղադրյալ չասել, ապա որոշել է հեռանալ նիստերի դահլիճից:

 

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանի ավագանին հավանություն է տվել քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչեւ Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Մեկ այլ որոշմամբ ավագանին հաստատել է Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչեւ Հրազդանի կիրճ ընկած հատվածը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հարակից փողոցը Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Հավանություն են տվել Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը Մոնթե Մելքոնյան փողոց անվանակոչելու մասին որոշման նախագծին: Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչեւ Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:




Լրահոս