Ինչերի են պատրաստ իշխանությունները մի քանի լումա դրամաշնորհ «կպցնելու» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաստատել Արմավիրի մարզպետարանի` Չեխիայի դեսպանատան կողմից «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների եւ բնակչության շրջանում քարոզչության անցկացման ծրագրի նախահաշիվը: Դասընթացները կազմակերպել է ՀՀ Արմավիրի մարզպետարանը: Այդ նպատակով մարզպետարանը պայմանագիր էր կնքել Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ, ըստ որի` Չեխիան այդ դասընթացների համար 4 մլն 300 հազար դրամ կամ մոտ 9 հազար դոլար է նվիրաբերել: Այդ գումարով մարզպետարանը բնակչության համար քարոզչական նյութեր է պատրաստել եւ տարածել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանը ներկայացվող նախահաշվում այս տարվա ընդհանուր ծախսը կազմում է 4 մլն 89 հազար 500 դրամ, որից քարոզչական դասընթացների, հանդիպումների, կազմակերպիչների ներքին գործուղումների համար ծախսվել է 619 հազար 500 դրամ, տեղեկատվական ծառայությունների` գունավոր բուկլետների տպագրման համար` 800 հազար դրամ: Իսկ 2 մլն 670 հազար դրամը ծախսվել է 6 հատ համակարգիչ եւ 3 հատ բազմաֆունկցիոնալ տպիչներ գնելու համար, որոնք որպես մրցանակ տրամադրվել են դպրոցներին, որոնք «Աղբի տեսակավորում» մրցույթի արդյունքներով առաջին երեք տեղերն են զբաղեցրել:

«Ժողովուրդ»-ը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից հետաքրքրվեց, թե ինչ մասնակցություն ունի նա աղբի տեսակավորման դասընթացների կազմակերպման հետ: Ի պատասխան` նա ասաց. «Երբ հրահանգը կգա, մենք կմասնակցենք դասընթացներին, առայժմ հրահանգ չկա: Ծրագիրը վաղուցվա է, բայց կոպիտ ասած` մենք մինչեւ այսօր չգիտենք` դրա դասընթացները կլինեն, թե ոչ: Մարզպետարանից հետաքրքրվեք»:

Իսկ ահա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարճ պատասխանեց՝ նշելով, որ դասընթացներն իրականացվել են, դպրոցների միջեւ մրցույթը տեղի է ունեցել, եւ առաջին երեք տեղերի նվեր համակարգիչները ստացել են:

Մի խոսքով, կարեւորը կողքից եկած գումար լինի, իսկ ծրագիր կազմելը տեխնիկական հարց է: Ուշագրավ է` Հայաստանի իշխանությունները մի քանի լումա դրամաշնորհ «կպցնելու» համար ինչերի են պատրաստ: 4 միլիոն դրամով «Փնթի Սեթը» անգիր կանեն, իսկ, օրինակ, 4 միլիոն դոլարի համար ի՞նչի են պատրաստ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս