Երկու հատ բռնություն կանխելու համար 200 հատ ընտանիք կքայքայվի, կվերանա. Նապոլեոն Ազիզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմուկ հանած օրենքի նախագիծը:

Դեմ ձայների մեջ ամենաարտառոցը թերեւս ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի քվեարկությունն է, ով չնայած առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել, բայց երեկ դեմ էր: Թե ինչն էր նրան ստիպել մտափոխվել, մեզ չհաջողվեց պարզել: Արդյոք պատճառը աղքատների մասին նրա աղմկահարույց հայտարարությանը հետեւած հանրային արձագանքն էր, դժվար է ասել:

Եվ եթե մյուս խմբակցությունները կողմ են քվեարկել նախագծին, ապա «Ծառուկյան» խմբակցության պարագայում քվեարկությունն ազատ էր թողնված, որի պատճառով էլ գրանցվեց այդքան քանակությամբ դեմ եւ ձեռնպահ ձայներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դեմ քվեարկել նախագծին:

-Պարո՛ն Ազիզյան, ինչո՞ւ եք դեմ քվեարկել ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց օրենքին:

-Ասեմ Ձեզ՝ ովքեր դեմ են քվեարկել, նրանք այն մարդիկ են, որ ամենաշատն իրենք չեն ուզում, որ ընտանեկան բռնություն լինի: Հիմա տեսեք, դրա մեջ հստակեցրած չէ՝ ինչ է կատարվում: Պատկերացրեք, որ ընտանիքում մի անչափահաս՝ 13-14 տարեկան, կամ դիտում է մի բան, որը չի կարելի, կամ զբաղվում է մի բանով, որը չի կարելի, զգուշացնեն ծնողները մեկ անգամ, երկու անգամ:

Եթե չի անցնում, բնականաբար ծնողը կարող է ականջը ձգել, չէ՞, կամ մի հատ թեկուզ թեթեւ ապտակի, ասի՝ էլ չտեսնեմ նման բան: Եթե մեկը զանգահարի, ասի` նման դեպք է եղել, տանեն, այդ երեխան էլ պատմի, ուրեմն նրա հայրն ու մայրն ընկան մեծ պրոբլեմների մեջ:

-Օրե՞նքն է վատը, թե՞ պարզապես հայերին համահունչ չէ:

-Մենք ո՛չ ամերիկացի ենք, ո՛չ եվրոպացի, մենք հայ ենք: Մենք դարերով մեր ապրելու ձեւն ենք ունեցել: Այդ օրենքը կբերի նրան, որ, օրինակ, երկու հատ բռնություն կանխելու համար 200 հատ ընտանիք կքայքայվի, կվերանա, կգնա: Դա պարտադրված օրենք է եվրոպացիների կողմից, այդ գրանտ ստացողները եւ իշխանությունը, որին պարտադրված է այդ օրենքն ընդունել, իրենք էլ չեն ուզում:

Ես առանձին մարդկանց հետ շփվել եմ, իրենք էլ չեն ուզում, բայց ճար չունեն, ինչ պետքա անեն: Ոչ մեկը չի կարող տենց օրենքին դեմ լինել, որը վերաբերում է բռնությունների կանխմանը, սակայն սա շինծու բան է, մեր քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը կանխելու համար բոլոր օրենքները մենք ունենք: Եթե հսկողություն իրականացնեն, նման բաներ չի լինի, էնքան մինիմալի կհասնի: Եթե մեկը գիտի, որ իրեն չեն հետեւում, չեն պատժում, իրենց այդպես լկտի են պահում: Այդ օրենքը Հայաստանին այսօր պետք չէ, միգուցե գան ժամանակներ, որ մենք սկսենք եվրոպական արժեքներով ապրել, սակայն մենք տարբեր մենթալիտետների տեր մարդիկ ենք:

-Դուք ասում եք, թե դեմ եք ընտանեկան բռնություններին: Սակայն կարծիքներ կան, որ դեմ քվեարկողները բռնությանը կողմ են:

-Եթե նայեք` քանի հոգի է դեմ քվեարկել, ու իմանաք նրանց ընտանիքների վիճակը, նրանց հարաբերությունները, կտեսնեք, որ բոլորն օրինավոր ընտանիքներ են, եւ բոլորից շատ իրենք չեն ուզում, որ ընտանեկան բռնություններ տեղի ունենան: Բայց այդ օրենքն ընտանեկան բռնության հետ ինչ կապ ունի: Մեր քրեական օրենսգրքում բոլոր տեսակի օրենքները կան, որոնցով կարող են պատժել այն տիպի «պադոնկներին»:

Տենց մարդ կա՞, որի երեխային ուրիշն ավելի շատ սիրի, քան ինքը: Մնում է` այդ մարդն ինչ գիտակցություն ունի, իրենից ինչ է ներկայացնում: Այդ օրենքի կողքին այնքան բաներ կարող են լինել, որոնք ոչ թե ընտանեկան բռնությունները կկանխեն, այլ այդ ընտանիքներին լրիվ կքայքայեն: Պատկերացրեք` մի տեղ մեկը բռնություն է կիրառել, կինը վախից գնացել, մի կացարանում է ապրում: Այնտեղ ով է այդ հսկողությունն իրականացնելու, ովքեր են դրա տերերը, որպեսզի այնտեղ չդառնա պոռնկանոց կամ հարբեցողների տեղ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս