Ինչից է զգուշանում Սերժ Սարգսյանը. ԱԱԾ-ի բացահայտումից մեկ օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Հետաքրքրականն այն է, որ ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին: Նաև հանձնարարվել է կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Երեկ ԱԱԾ հաղորդագրության ֆոնին այսօրվա նիստն ու ներկայացված նախագիծը ուշագրավ են: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվամբ, խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:

Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քուրքյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ, ինչպես միշտ, ԱԱԾ-ն խեղաթյուրում է: «Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող ծառայություն:

Եվ ահա, ԱԱԾ-ի հայտարարությունից մեկ օր անց տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ, որի առանցքային թեման էլ հենց ահաբեկչության դեմ պայքարն է: Թերևս Սերժ Սարգսյանի այս քայլն իր մեջ ենթատեքստ է պարունակում. ինչու հենց հիմա նման նախագիծ ներկայացվեց:




Լրահոս