Ստեղծված իրավիճակը երկար չի ձգվի. ես հայտարարություն կանեմ. Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը երկար չի ձգվի: «Հենրիխ
Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին:

Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ Հենրիխի մարզավիճակի հարցը չէ: Ես ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ նրա մասին: Հենրիխը դեռ խաղալու է և մեզ բոլորիս նորից ուրախանալու առիթներ կտա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, ՀՖՖ-ն նախորդ տարիներին սխալ ընտրություն է արել տարվա լավագույն մարզչի հարցում: Անաչառ քվեարկություն չի եղել: Այդ մրցանակը ճիշտ չի տրվել: Եվ հիմա, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ով է քվեարկելու, ով՝ ոչ, քվեարկություն չի կայանալու:

«Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո, ով անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույն մարզիչը: Եթե հետագայում լինի քվեարկության անհրաժեշտությունը, գուցե նորից մտցնենք»,- ասել է Հայրապետյանը:

Տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել: Եվ լավագույնն այսուհետև կորոշեն մրցաշրջանի մարզական արդյունքներով: