ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարի ինքնասպանության գործը ազգային անվտանգության ծառայությունից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը, Համլետ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Իր նամակում գործարարը նշել էր պաշտոնատար անձանց անուններ, թե ովքեր իրեն հասցրին ինքնասպանության:
Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենց, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Ու մինչ ԱԱԾ-ն քննում էր գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը, գործարարից բնակարան գնած քաղաքացիները ընկել էին դատարանի դռները: Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ բնակարան էին գնել գործարարից, իսկ ահա կառուցված տներն էլ գրավադրված են եղել բանկերում, եւ գործարարի մահից հետո մարդիկ դիմել էին դատարան, որ կարողանային փրկել իրենց սեփականությունը:

Ինքնասպանությունից երկու տարի անց
Ինչեւէ, ինչպես ցույց են տալիս զարգացումները, գործարարի ինքնասպանությունից երկու տարի անց իրավիճակ է փոխվում: Այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքասպան եղած գործարարի ընկերությունը՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Մասնավորապես օրերս կասեցվել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցը ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործով փաստաբանները հայտնեցին, որ կասեցման պատճառը եղել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, այսինքն՝ մինչեւ նույն թեմայով հարուցված քրեական գործի քննությունը չավարտվի, քաղաքացիական գործերին ընթացք չի տրվի: Ավելին՝ փաստաբանները մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն բացառում, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով համապատասխան որոշումն իր ազդեցությունը չունենա դատարան դիմած անձանց հայցերի վրա:

Տեղափոխվեց ՀՀ քննչական կոմիտե
Իսկ ի՞նչ գործ է քննում ՀՀ քննչական կոմիտեն: Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե, ինչին ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գործած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»:
Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ն գործարարի ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննչական վարչություն, որտեղ էլ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը» պահանջում է գանձել կրկին 2 միլիոն դրամ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզեցինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շատ հայցերն էլ դատարանը բավարարել էր եւ արձակել էր վճարման կարգադրություն, մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատի էր տվել «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 857 հազար դրամի համար, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը եւ վճարման կարգադրության վճիռ էր հրապարակել: Մասիսի ԲԿ-ն եւս հայտնվել էր սեւ ցուցակում, նրանից էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պահանջել էր կրկին 2 միլիոն 368 հազար 721 դրամ, որը եւս դատարանը բավարարել էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարզային բժշկական կենտրոնները այն վիճակում են հայտնվել, որ անգամ չեն կարողանում վճարել սպառած գազի գումարը, իսկ թե այս պայմաններում ինչպես պետք է նրանք հիվանդանոց դիմած քաղաքացիներին օգնեն, դժվար չէ կանխատեսել:

 

 

 

ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի կալանքը երկու ամիս երկարաձգելու գործով ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՔԿՀ պետի պաշտպան Ինեսա Պետրոսյանից: Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ըստ էության պաշտպանը սպասում է քննիչի կողմից ներկայացվող հիմնավորումներին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ Վանաձորի ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, ՔԿՀ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄ
Տոնական եւ նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առեւտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել: Նա ՊԵԿ նախագահին հանձնարարել, իսկ ԿԲ նախագահին առաջակել է դեկտեմբերի 2-ից մինչեւ տոնական օրերի ավարտը մաքսային ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով շաբաթ եւ կիրակի ու տոնական օրերին կազմակերպել հերթապահություն:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 եւ ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. Վահե Միսակյանին նշանակել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Ալֆրեդ Վարդանյանին նշանակել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանին նշանակել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասվում է հրամանագրերում:

 

 

 

ՆՈՐ ԳՐԻՊՆԵՐ
Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանում մեկնարկել է գրիպի սեզոնը, բայց ընդամենը երկու շաբաթ է, որ գրանցվում է գրիպի հարուցիչ: Ի սկզբանե եւ հիմնականում շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, բոկավիրուսներ, ռեսպերատոր սինդիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն: Ու եթե շատերին կարող է թվալ, թե այս տարի հանդիպող եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունները սովորականի նման չեն, ունեն ոչ բնորոշ առանձնահատկություններ ու երկարատեւ ընթացք, ապա ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը վստահեցնում է, որ ոչ մի առանձնահատուկ կամ նոր վիրուսի մասին խոսք լինել չի կարող՝ ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների: Ինչ վերաբերում է հիվանդության երկարաձգմանը, ապա, ըստ նախարարության մասնագետի, մեկ վիրուսով հիվանդանալու դեպքում մյուս վիրուսով վարակվելու հավանականությունը ո՛չ չեզոքանում է, ո՛չ նվազում, քանի որ դրանք առանձին հարուցիչներ են, եւ մարդը կարող է դրանցով վարակվել միաժամանակ կամ, ասենք, մեկով հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո: Նա նաեւ հիշեցրեց, որ գրիպի սեզոնին Հայաստանում դիտվում է երկու պիկ՝ նոյեմբերին, որին հատուկ է հիվանդությունների տարածվածությունը, եւ փետրվարին, որն աչքի է ընկնում շնչառական վարակների հարուցիչներով հիվանդությունների ծանր ընթացքով:




Լրահոս