Մինչև կյանքիս վերջ լինելու եմ Սիլվայի պրոդյուսերը՝ անկախ այն բանից, դա որոշ մարդկանց դուր է գալիս, թե ոչ. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը Ամանորը դիմավորելու է Ռուսաստանի Դաշնությունում՝ կոորպորատիվ միջոցառման շրջանակներում։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նրա հայրը՝ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը։

Հարցին, թե նոր տարում ո՞րը կլինի Սիլվայի առաջին մեծ անակնկալը երկրպագուներին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ապրիլի 8-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի կունենա Սիլվայի մենահամերգը։ Շատ այլ համերգներ հետաձգել ենք, որպեսզի այն կարողանանք կյանքի կոչել։ Համերգի ընթացքում կհնչեն նաեւ մի շարք նոր երգեր, որոնք չենք հասցնում ձայնագրել եւ վերածել տեսահոլովակի»։

Մենք հետաքրքրվեցինք՝ Սիլվայի ամուսինը չի տխրում արդյոք, որ երգչուհին Նոր տարին տանը չի դիմավորելու. «Չէ, նման բան չկա, բոլորս էլ համաձայն ենք եւ սատարում ենք միմյանց։ Բացի այդ՝ հնարավոր է՝ բոլորս միասին լինենք Ռուսաստանում։ Սովորաբար նման որոշումները վերջին պահին ենք կայացնում, չգիտեմ՝ ինչպես կստացվի»,-ասաց պրոդյուսերը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի Սիլվան համերգներով հանդես է գալու նաեւ Ռոստովում, Տուլայում, նաեւ ներկայացնելու է նոր տեսահոլովակ՝ Մանե Հակոբյանի հեղինակած սիրային երգի հիման վրա։

Դիտարկմանը, թե վաղուց ժամանակն է, որ Սիլվան մենահամերգով հանդես գա Երեւանում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց․ «Մենք էլ ենք դա հասկանում։ Նախատեսել էի, որ Սիլվան ունենար Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես մենահամերգների շարք,բայց միաժամանակ երեք ճակատում աշխատելը մեծ բեռ կլիներ ինձ համար, այդ պատճառով որոշեցինք ընտրել միջանկյալ «կայան»՝ Մոսկվան։ Մյուս տարի էլ, հավանաբար, Սիլվան մենահամերգով հանդես կգա կա՛մ Երեւանում, կա՛մ Լոս Անջելեսում, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Ամեն դեպքում, ինքներս էլ զգում ենք, որ մենահամերգի պահանջարկը կա»։

Իսկ հարցին, թե որքան ժամանակ է պատրաստվում լինել դստեր պորդյուսերը, Հակոբ Հակոբյանը տվեց կտրուկ պատասխան. «Մինչեւ կյանքիս վերջ՝ անկախ այն բանից՝ դա որոշ մարդկանց դուր գալիս է, թե ոչ։ Ուրիշ մարդ կարո՞ղ է ինձնից ավելի լավ պրոդյուսեր լինել, այդքան սրտացավորեն անել այն, ինչ ես եմ անում»։

Անի Անտոնյան




Լրահոս