Մէկ էլ տեսար՝ էլի մասնակցեցի գեղեցկության մրցույթների. Իրինա Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ զրուցել է գեղեցկության մրցույթներին մասնակցելու ցանկության, դստեր՝ Մեգգիի գրանցած հաջողությունների, Ամանորը ընտանեկան միջավայրում դիմավորելու եւ այլ թեմաների շուրջ:

-Իրինա՛, տարիներ առաջ Դուք վաստակեցիք գեղեցկուհու տիտղոսն ու հետագայում, երբ ընտանիք կազմեցիք, երեխաներ ունեցաք, պասիվացրիք Ձեր գործունեությունն այդ դաշտում։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում մասնակցեք կանանց, մայրիկների գեղեցկության մրցույթների, թե՞ այժմ Ձեզ ավելի շատ այդ մրցույթների կազմակերպման ընթացքն է հետաքրքրում:

-Անկեղծ ասած՝ վաղուց չէի էլ մտածել այդ հարցի շուրջ: Ավելի շատ մտածում եմ գեղեցկության մրցույթներին իմ աղջիկների մասնակցության մասին: Օրինակ՝ մեծ աղջիկս՝ Մեգգին, դեռ փոքր տարիքում հասցրել է մասնակցել երեք գեղեցկության մրցույթի: Դա ինձ ավելի մեծ հաճույք է պատճառում, քան իմ մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին։ Չնայած՝ ինչո՞ւ ոչ, չեմ բացառում, որ ես էլ կմասնակցեմ մրցույթների, մեկ էլ տեսար…

-Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեք վերջին շրջանում Հայաստանում կազմակերպվող գեղեցկության մրցույթների մասին։ Մեզ ի՞նչն է պակասում այս ոլորտում:

-Եկեք այս հարցին չպատասխանեմ, ուղղակի լռեմ, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ։ Մեզ շատ բան է պակասում: Ինքս կազմակերպում եմ միջոցառումներ, եւ իմ աչքից ոչինչ չի վրիպում:

-Բայց հույս կա՞, որ Հայաստանում այս ոլորտը վերջապես կկարգավորվի, միջոցառումները կկազմակերպվեն պրոֆեսիոնալ մակարդակով:

-Այո՛, ես շատ ավելի լուրջ բաների հետ եմ հույսեր կապում, այս ոլորտի հետ նույնպես:

-Նշեցիք, որ Մեգգին հասցրել է գեղեցկության երեք մրցույթի մասնակցել: Իսկ կուզենա՞ք, որ Ձեր դուստրերը շարունակեն Ձեր ճանապարհը եւ մանուկ հասակում, ինչու ոչ, նաեւ հետագայում մասնակցեն նմանատիպ մրցույթների:

-Բնականաբար, այո՛: Բացի Մեգգիից՝ կուզենամ, որ փոքրիկներս էլ հետագայում մասնակցեն գեղեցկության մրցույթների: Հավատացեք՝ դրանք շատ կարեւոր են աղջիկ երեխաների համար: Եթե աղջիկ բալիկներն, օրինակ, թմբլիկ են, չարժե, որ մասնակցեն նման մրցույթների, բայց եթե ծնողներն այն կարծիքին են, որ իրենց երեխաներն ունեն համապատասխան տվյալներ, արժե, ինչու ոչ։ Բացի գեղեցկության մրցույթներից՝ կարծում եմ՝ երեխաների համար օգտակար է մասնակցությունը շախմատի, գիտելիքները ստուգող մրցույթների եւ այլն:

-Մեգգին, կարծես թե, հստակ քայլեր է անում նաեւ երգարվեստում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին: Կցանկանա՞ք, որ նա շարունակի իր գործունեությունը այդ ասպարեզում:

-Մեգգին միայն երգարվեստի բնագավառում չէ, որ ակտիվ քայլեր է անում: Նա արդեն տասը տարուց ավել է՝ պարում է եւ մի շարք մրցույթների դափնեկիր է: Երգը նույնպես նրա տարերքն է, դուստրս բավական հաջողությունների է հասել նաեւ երգարվեստի ասպարեզում: Ես ո՞նց կարող եմ դրանից չոգեւորվել, չքաջալերվել: Բոլոր ծնողներին ի սրտե մաղթում եմ, որ շատ ուշադրություն հատկացնեն իրենց երեխաներին, եւ եթե տեսնում են, որ նրանք ցանկանում են բարձրանալ բեմ, սատարեն նրանց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս