Փաստաբանն ընդդեմ դատավորի. նիստին սպասելիս

Դատավորների գործունեության հետ կապված երբեմն կարելի է այնպիսի անհեթեթ պատմությունների հանդիպել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է իրական կյանքում հնարավոր նման բան: «Ժողովուրդ» օրաթերթին նման մի դեպքի մասին հայտնի դարձավ: Դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով այնքան երկար ժամանակ նիստեր չի գումարել, որ փաստաբանները ստիպված դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որպեսզի նրանց օգնությամբ խնդրին լուծում տրվի: Բացի այդ` փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Ստորեւ ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը Գեւորգ Գյոզալյանի հետ:

-Պարո՛ն Գյոզալյան, ինչո՞ւ եք դատի տվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

-Նախ առաջինը հայց ենք ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան, եւ քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանը ընդունել է վարույթ, սակայն մոտ 8 ամիս նիստ չի կայացրել: Ի սկզբանե նշեմ, որ անգամ վարույթ չէր ընդունում գործը, հետո մենք բողոքարկեցինք ՀՀ վերաքննիչ դատարան, եւ վերաքննիչ դատարանը վերացրեց նրան վարույթ չնդունելու որոշումը, որից հետո վարույթ ընդունեց, եւ արդեն 8 ամիս է` նիստ չի նշանակում: Քանի որ դատավորը նիստ չի կայացնում, այդ մասին ես նամակ եմ գրել ՀՀ վարչապետին՝ հիմքում ունենալով առնվազն իր երեք հրապարակային ելույթները` կապված ողջամիտ ժամկետների հետ: Գրել եմ ՀՀ արդարադատության նախարարին: Միաժամանակ դիմել եմ արդարադատության խորհուրդ, որ այդ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն:

-Եվ ի՞նչ որոշում կայացրեց խորհուրդը:

-Արդարադատության խորհուրդը ինձ պատասխանում է, որ գիտեք ինչ կա, մենք լսեցինք դատավորին, եւ այլն եւ այլն, ու գտանք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան: Ահա այս որոշումն էլ ես բողոքարկեցի ՀՀ վարչական դատարան: Իսկ ահա ՀՀ կառավարությունն ու արդարադատության նախարարությունը մինչ օրս ինձ չեն պատասխանել: Արդարադատության նախարարությունը գրություն էր ուղարկել, իսկ կառավարությունը ընդհանրապես չի պատասխանել: Ես ստիպված երկրորդ դիմումն եմ գրել` հիշեցնելով, որ նրանք պարտավոր են պատասխանել քաղաքացիների դիմումներին, սակայն մինչ օրս պատասխան չկա:

-Ըստ Ձեզ` դատավորը ինչո՞ւ նիստ չի հրավիրում, ի՞նչ խնդիր կա, ծանրաբեռնվա՞ծ է, թե՞ այլ պատճառ եք տեսնում:

-Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշանակվել: Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, զգում եմ, որ ծանրաբեռնված են եւ ուշ են նիստ նշանակում: Այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում, ընդունել է վարույթ, կարող է, օրինակ, նշանակել 2018 թվականին, որ մենք հասկանանք` ծանրաբեռնված է, ուշ է նշանակում, բայց նա ընդհանրապես ոչինչ չի անում: Ընդ որում, ինչ ինքը չի անում, դա ակնհայտորեն օրենքի հետ հակասության մեջ է մտնում: Այստեղ պետք չէ իրավաբան լինել, որ վիճարկեն, ասեն, թե օրենքի բացն է, դա իր պարտականությունն է, որը չի անում:

-Փորձե՞լ եք նրանից պատասխան ստանալ:

-Որեւէ ողջամիտ բացատրություն չի տալիս: Միեւնույն ժամանակ երկու կողմից կարող եմ նայել այս խնդրին: Այս գործում շահագրգիռ կողմ կա` ի դեմս հարկայինի, հնարավոր է, որ այստեղ մի քիչ կաշկանդվածություն ունի ու չի ցանկանում այս գործը քննի, քանի որ հայցվոր կողմը քաղաքացիական իրավաբանական անձ է: Այստեղ նաեւ ցավալին այն է, որ կոնկրետ այս դատավորի գործողությունների հետեւանքով տպավորություն է ստեղծվում օտարերկրյա իրավաբանական անձի մոտ, եւ իմ բուռն արձագանքը դատավորի գործողություններին դրանով է պայմանավոված: Սա նաեւ Հայաստանի Հանրապետության հեղինակության հարցն է օտարերկրյա ներդնողի առջեւ, քանի որ հայցվոր իրավաբանական անձը ցանկանում է Հայաստանում ներդրումներ կատարել: Այսինքն` մտածում եմ, որ նա առաջինը` կա՛մ հարկային կաշկանդվածություն ունի, կա՛մ մարդը օրենքը չգիտի: Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որ օրենքը չգիտի, մարզում աշխատում են, իսկ մարզում աշխատում են, այսպես ասած, տնավարի: Կառավարությունն ուշադրություն է շեղում, ասում է, թե դատավորները քիչ են, օրենքները պարզ չեն: Փաստաբանն ընդդեմ դատավորի: Այստեղ կոնկրետ դատավորի իրավագիտակցության խնդիր ունենք, մարդը չգիտի, չի անում, եւ որեւէ մեկը չի փորձում անգամ նրան պատժել:

Քնար Մանուկյան