Դրամաշնորհ` գյուղատնտեսությունն ապահովագրելու համար

Երկար տարիներ է` ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծել գյուղատնտեսության ապահովագրման խնդիրը: Խնդիրն այն է, որ գյուղատնտեսության ապահովագրության ռիսկները մեծ են, եւ ապահովագրական ընկերությունները խուսափում են այն ներդնել: Արդյունքում` արդեն երկար ժամանակ է` ՀՀ կառավարությունը քննարկում է ապահովագրական ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ձեւերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունն ապահովագրելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման խնդրի լուծումը գտել է:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջեւ նախատեսվում է ստորագրել 5 մլն 339 հազար 139 եվրո դրամաշնորհի համաձայնագիր՝ գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման համար: Ծրագրի իրականացման համար ընդհանուր կհատկացվի 10 մլն 339 հազար եվրո, որից 5 միլիոնը կհատկացնի ՀՀ կառավարությունը՝ համաֆինանսավորման սկզբունքով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրություն:

Ի դեպ, ծրագրի շրջանակներում տրամադրվելիք 5 մլն 339 հազար 139 եվրո դրամաշնորհը հատկացնելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը: Գումարը հատկացվելու է 2 մասնաբաժիններով: Առաջին մասնաբաժինը կազմելու է 4 մլն 824 հազար 139 եվրո: Այդ գումարը հատկացվելու է գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրման շրջանակներում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորման համար: Երկրորդ մասնաբաժինը կազմելու է 515 հազար եվրո, որով ֆինանսավորվելու են համակարգի ներդրման խորհրդատվական ծախսերը:

Ի դեպ, խորհրդատվական ծախսերը պատահական չէ, որ սովորաբար դրամաշնորհների 10 տոկոսի չափով են լինում: Իրականում այդ կերպ դրամաշնորհ տրամադրող միջազգային կառույցները կամ նրանց հետ կապի մեջ գտնվող խորհրդատվական կազմակերպությունները ստանում են «ատկատի» իրենց բաժինը: Մի խոսքով, ձրի միայն մկան թակարդում պանիրն է լինում: Իսկ նման ծրագրերի դեպքում կառավարությունները պարտադրված են վճարել, եթե ցանկանում են այս կամ այն դրամաշնորհը ստանալ:

Սյունէ Համբարձումյան