«Սասնա ծռեր»-ի անդամը նորությո՞ւն ունի ասելու

«Սասնա ծռեր»-ի Մխիթար Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, որ ցանկանում է իրեն ծեծի ենթարկելու մասով ցուցմունք տալ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` մինչ օրս ՀՔԾ-ում չեն արձագանքել վերջինիս միջնորդությանը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամներին՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին, ծեծի էին ենթարկել, իսկ այդ «օպերացիան» ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:

Դեպքից հետո Մխիթար Ավետիսյանը հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն 7 ամիս անց փոխել է որոշումը: Նշենք, որ այս գործով այդպես էլ որեւէ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի առաջադրվել: