Պաշտպանության նախարարությունը չի արդարացրել իրեն. ուսանողները վերսկսում են պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝

1․Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման և համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով,

2․ Քննարկումների հիմք դարձած մեր առաջարկները ենթադրում էին թե՛ կոռուպցիոն ռիսկերից տարկետման իրավունքի ինստիտուտի ձերբազատում, թե՛ շնորհալի երիտասարդների գիտակրթական գործունեության շարունակականություն՝ համատեղված զինծառայության անցնելու սահմանադրական պարտավորության հետ,

3․Այնուամենայնիվ, քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա հայտնի օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։

Համապատասխան նախարարությունների հետ մեր աշխատանքի ընթացքը հնարավորինս լուսաբանելու և շոշափելի արդյունքի բացակայությունը պարզաբանելու նպատակով տեղեկացնում ենք, որ Պաշտպանության նախարարությունը՝

ա․ Հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը՝ չի ընդունում գիտության ոլորտի վրա օրենքի ունեցած ծանր ազդեցության շուրջ մտահոգությունները և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար,

բ․ Ռազմարդյունաբերական համալիրի շրջանակներում պատրաստ է օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով կրթության շարունակականության խնդիրը,

գ․ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, որը նախատեսում է կառավարության որոշմամբ տարկետման իրավունքի տրամադրման հնարավորություն, կիրառելի է համարում միայն այն գիտությունների դեպքում, որոնք գերակա են ռազմարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն այն երիտասարդների համար, որոնք կդիտարկվեն հանճարեղ կամ բացառիկ։

Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։




Լրահոս