ԱՄՆ-ում այս շաբաթ քաղաքական իրավիճակը չափազանց կարեւոր հանգրվանի հասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում այս շաբաթ քաղաքական իրավիճակը չափազանց կարեւոր հանգրվանի հասավ՝ ցույց տալով նախագահ Դոնալդ Թրամփի անկման առաջին ազդակները։ Ալաբամա նահանգի սենատորի ընտրություններում հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը պարտություն կրեց՝ ԱՄՆ Սենատում իր տեղը զիջելով դեմոկրատին։ Եթե Թրամփը եւ նրա հանրապետական կուսակցությունը նույն ոգով շարունակեն, ոչ միայն կկորցնեն Կոնգրեսում ունեցած մեծամասնությունը, այլեւ 2020թ. անխուսափելիորեն դեմոկրատներին կհաձնեն նաեւ Սպիտակ տան բանալիները։
Ալաբաման ԱՄՆ այն նահանգներից է, որտեղ Հանրապետական կուսակցությունը հաղթելու խնդիր չպետք է ունենար։ 1992թ. ի վեր այստեղ որեւէ դեմոկրատ հաղթանակ չէր տարել։ Հանրապետականների պարտությունը առաջին հերթին անձամբ Մուրինն է, որը հայտնվել էր խայտառակ սկանդալների հորձանուտում՝ մեղադրվելով անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ։ Թեեւ ԱՄՆ սենատորը հետեւողականորեն հերքում էր իրեն հասցեագրված մեղադրանքները, դրանք զգալի հետք թողեցին ընտրարշավի ու ընտրողների տրամադրությունների վրա։ Դրա հետ մեկտեղ այս պարտությունը ԱՄՆ հանրապետականներինն է, քանզի 25 տարի տիրապետող լինելով նահանգում՝ նրանք չկարողացան անխոցելի թեկնածու առաջադրել ու արձագանքել ընտրողների իրական տրամադրություններին։

Սակայն այս ընտրական գործընթացն ու դրա ձախողումը հարկ է նաեւ դիտարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության համատեքստում։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հրապարակավ աջակցում էր Մուրին։ Թրամփը չէր հավատում Մուրին ուղղված մեղադրանքների իսկությանը՝ պնդելով, որ դրանք կեղծ են եւ լրագրողների հորինվածքը։ Նախագահը անգամ չբավարարվեց իր նստավայրից հղված սատարման կոչերով եւ անձամբ մասնակցեց Մուրի նախընտրական հանրահավաքներին։ Ինչպես մեկ ամիս առաջ վարվել էր նախկին նախագահ Բարաք Օբաման՝ օգնելով Վիրջինիայի ու Նյու Ջերսիի նահանգապետերի դեմոկրատ թեկնածուներին, նույն կերպ եւ գործեց Թրամփը։ Նա իջավ վաշինգտոնյան իր բարձունքից՝ գալով Ալաբամա եւ աջակցության ելույթ ունենալով Մուրի հանրահավաքին։ Անձամբ մասնակցելով քարոզչական միջոցառմանը՝ Թրամփը խաղասեղանին դրեց նաեւ իր վարկանիշը։

Բայց ահա Թրամփը ստացավ իր ընտրությունից հետո առաջին լրջագույն հարվածը։ Եթե մինչ այս կայացած մի շարք տեղական ընտրություններում հանրապետականների ջախջախումը կարող էր օրինաչափ համարվել՝ հաշվի առնելով տեղերում դեմոկրատների կազմակերպական ուժեղ ներկայությունը, ապա Ալաբամայի դեպքում այդ բոլոր արդարացումները լիովին անտեղի են ու անարժանահավատ։ Սա, փաստացիորեն, գնահատական էր Թրամփի նախագահության մեկամյակին ու վարած քաղաքականությանը։ Դրանից, փաստորեն, հիասթափված են անգամ սկզբունքային հանրապետական ընտրողները, որոնց համար մերժելի է Թրամփի ու նրա կողմնակիցների ստեղծած մթնոլորտը։

Պատկերացնելու համար Թրամփի ու հանրապետականների հիասթափության աստիճանը՝ հարկ է հիշել, որ 2016թ. նախագահական ընտրության արդյունքներով Թրամփը ստացել էր Ալաբամայի ընտրողների շուրջ 62 տոկոսի աջակցությունը, իսկ այժմ Մուրը՝ 48։ Սա էական նահանջ է, որը կարող է շղթայական ազդեցություն ունենալ նաեւ մյուս նահանգներում, որոնց մեծամասնությունը «հավատավոր» հանրապետականներ չեն։ Ալաբամայի սենատական տեղը կորցնելով՝ հանրապետականների մեծամասնությունը որոշակիորեն երերաց ԱՄՆ Սենատում։ Այժմ արդեն հանրապետական-դեմոկրատ հարաբերակցությունը 51-49 է լինելու, ինչն էլ ավելի կբարդացնի նախագահի ու նրա կուսակցության գործերը ԱՄՆ օրենսդիր մարմնի երկրորդ պալատում։

Բայց եւ հետաքրքիր է, որ պարտությունը, շոկային լինելով հանդերձ, կարծես թե չի սթափեցրել թեկնածու Մուրին, որը հայտարարել է արդյունքները բողոքարկելու մտադրության մասին։ Թեկնածուների միջեւ այժմ տարբերությունը 1.5 տոկոս է, եւ գրեթե բացառվում է, որ վերահաշվարկը էականորեն փոխի այդ հարաբերակցությունը։ Ի հեճուկս թեկնածուի՝ նախագահ Թրամփը եւ ԱՄՆ հանրապետական կուսակցության ղեկավարությունը արդեն իսկ ընդունել են պարտությունը՝ շնորհավորելով դեմոկրատ Դագ Ջոնսին։ Ակնարկելով, որ մրցապայքարն այնքան էլ ազնիվ չի անցել՝ Թրամփը, այդուհանդերձ, ստիպված է եղել արձանագրել, որ դա տպավորիչ հաղթանակ էր։ Անազնիվ արշավի ներքո Թրամփը թերեւս նկատի ուներ մի շարք հայտնի հանրապետականների հրաժարվելը Մուրին աջակցելուց, ինչպես նաեւ ֆինանսական ահռելի ռեսուրսները, որ քարոզարշավում ներդրել էին դեմոկրատները։

Թրամփի ձախողումներն ու ձեռնասունությունը ԱՄՆ տեղական իշխանությունների ձեւավորման ընտրություններում հակադարձ համեմատական են Հայաստանում Սերժ Սարգսյանի ամենաթողությանն ու ամենակարողությանը։ Վերջինս բացարձակ վերահսկողություն ունի ոչ միայն իշխանության բարձրագույն, այլեւ ստորին օղակների նկատմամբ։ Այս պնդման հիմնական փաստարկը տվեց ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթով։ Սարգսյանը անուղղակիորեն հաստատեց, որ Հայաստանի համայնքապետերի մի մասը անմիջականորեն ներգրավված է ընտրական գործընթացներին եւ դրա համար ծառայեցնում է իր վարչական ռեսուրսը։

????????????????????????????????????

Ավելին՝ պարզվում է, որ այդ ծառայությունների դիմաց նրանք արժանանում են քրեական օրենսգրքով չկարգավորվող միջնորդությունների ու ներումների։ Այս ամենի հանդեպ, իհարկե, ՀՀ իրավապահները քար լռություն կպահպանեն՝ չհամարձակվելով մտքներով իսկ անցկացնել հետաքննություն սկսել Սարգսյանի հայտարարությունների հիմքով։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը վերածվել է երրորդ աշխարհի մի երկրի, որտեղ ի պաշտոնե պետության առաջին դեմքը անձնական հայեցողությամբ ներումներ է շռայլում աջուձախ եւ այդ մասին հպարտորեն հայտարարում է ի լուր աշխարհի։

Ն. Հովսեփյան




Լրահոս