Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով. ինչ է մանրամասնում Արթուր Դավթյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ համայնքապետերի հետ կապված հանցագործությունների մասին տեղեկություններն իրավապահները երբեւէ չեն անտեսել:

Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում համայնքապետերի կողմից թույլ տրված չարաշահումների մասին մասնավորապես ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են` անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ:

Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է` գնա, ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու` լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է… Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո` լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձել էր պարզել, թե ինչ է արել կամ անում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունից տրամադրել են «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Արթուր Դավթյանի տված պատասխանները:

-Պարո՛ն Դավթյան, խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում ՀՀ գլխավոր դատախազությունը` համայնքների բյուջեների նկատմամբ անազնիվ վերաբերմունք դրսեւորած, բնակչության փողերն իրենց տուն տարած համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար:

-ՀՀ դատախազությանը հայտնի դարձող առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ստուգվում են եւ արժանանում իրավական գնահատականի` առանց տարբերակում դնելու` դրանք առնչվո՞ւմ են համայքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը:

-Արդյո՞ք այդ արարքների համար հարուցվել եւ հարուցվելու են քրեական գործեր:

-2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կտիրապետեն նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստերի, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման, իսկ կոռուպցիոն կամ ցանկացած բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները նրանց համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:

-Քանի՞ հոգի է պատասխանատվության ենթարկվել:

-2017թ. հարուցված վերոնշյալ գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Այլ կերպ ասած` գլխավոր դատախազը պնդում է, թե իրենք չարաշահում թույլ տված ոչ մի համայնքապետի չեն հանդուրժել, ում մասին տեղեկություն, փաստ ունեցել են, անմիջապես ընթացք են տվել ու պատասխանատվության ենթարկել: Մինչդեռ Սերժ Սարգսյանն էլ պնդում է, թե մինչ այս ներել է, համայնքապետերին: Ուստի կա՛մ դատախազությունը ճշմարտությունը չի ասում, կա՛մ էլ Սերժ Սարգսյանն է պարծենում, թե ինչ ներողամիտ է եղել:

Քնար Մանուկյան




Լրահոս