«Իմ վարորդը խնդիրներ ունի». Հերմինե Նաղդալյանի վարորդին զրկե՞լ են վարորդական իրավունքից

ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանըն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է այն լուրերը, թե  ֆինանսական խնդիրներ ունի և հրաժարվել է վճարել իր հեռախոսի պարտքերը: Նա նաև անդրադարձել է իր մեքենայի տուգանքները չվճարելու մասին լուրերին և լրագրողների այն հարցին, թե վերջինիս վարորդին զրկել են վարորդական իրավունքից, նշել է, որ վարորդը խնդիրներ ունի և զբաղվում է այդ խնդիրները լուծելով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 14-ի համարում անդրադարձել էր այս խնդրին: Մասնավորապես գրել էինք, որ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:

Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթեւեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները: Նրա վարորդը` Գրիգորն արդարացել է, թե երթեւեկության կանոնները խախտել է ստիպված, հանուն շեֆի` նրան րոպե առաջ ուզած վայրը հասցնելու համար, հետեւաբար կա՛մ ԱԺ-ն, կա՛մ Նաղդալյանն ինքը պետք է վճարի: Նաղդալյանն էլ պարզապես հրաժարվել է մուծել գումարները` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիմա չի բացառվում, որ Նաղդալյանը նաեւ այս գումարները թողնի պետբյուջեի վրա, առավել եւս, երբ մեքենան ԱԺ հաշվեկշռում է: Չնայած «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հավաստիացրեց, թե «մեքենաներով կատարված իրավախախտումների տուգանքները վճարում են իրավախախտում կատարողները»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Նաղդալյանն արտոնյալ կարգավիճակում է նաեւ այս խորհրդարանում, թեեւ նա այլեւս ԱԺ նախագահի տեղակալ չէ: Նաղդալյանը հիմա զբաղեցնում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Եվ խորհրդարանի բոլոր ինը մշտական հանձնաժողովների փոխնախագահներից ՀՀԿ-ական տիկինը միակն է, ում աշխատասենյակում կա կառավարական հատուկ հեռախոսակապ: Մինչդեռ ԱԺ-ում կառավարական հատուկ հեռախոսակապից օգտվում են միայն խորհրդարանի նախագահը, փոխնախագահներն ու մշտական հանձնաժողովների նախագահները: Թե ինչո՞ւ է միայն Հերմինե Նաղդալյանն արժանացել նման պատվի, մեղմ ասած, անհասկանալի է: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, պնդեց, թե Նաղդալյանի՝ հատուկ կապ ունենալը պայմանավորված է աշխատանքային անհրաժեշտությամբ: «Բայց դա ներքին աշխատանքային հարց է, որը ենթակա չէ լայն մեկնաբանման»,- նշեց նա:

Միայն թե, մեր տեղեկություններով, այս հանգամանքից դժգոհ են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների մյուս փոխնախագահները, այդ թվում` ՀՀԿ-ականները:
Մեկ ուշագրավ փաստ էլ. Հերմինե Նաղդալյանն այսօր էլ շարունակում է օգտվել ԱԺ ծառայողական հեռախոսակապից, ասել է, թե նրա` ինչպես ՀՀ ներսում, այնպես էլ ռոումինգ զանգերի վարձավճարը շարունակում է մուծել ԱԺ-ն` պետական բյուջեի միջոցներով:

Նշենք, որ ԱԺ 105 պատգամավորներից նման իրավունք ունեն միայն 19-ը` ԱԺ նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները: Այն բանից հետո, երբ ամռանը խորհրդարանի նոր ղեկավարությունը (այն ժամանակ դեռ ներքին կարգով) բացահայտել էր Նաղդալյանի հեռախոսավճարի սկանդալային պատմությունը, ստիպված էր եղել էապես կրճատել եւ լիմիտավորել այդ ամենը: Ու հիմա, օրինակ, Հերմինե Նաղդալյանի համար երկրի ներսում խոսելու համար լիմիտ է սահմանված 25 հազար դրամի, իսկ ռոումինգի դեպքում` 50 հազար դրամի չափով: Բայց արի ու տես, որ չնայած այդ ամենին, նա շարունակում է շատախոսել` վճարելու ողջ բեռը թողնելով պետության վրա: Հիշում եք, երբ բացահայտվել էր Նաղդալյանի հայտնի սկանդալը, նա շտապել էր արդարանալ, թե հեռախոսն անսարք է եղել, 3G ինտերնետը չի անջատվել, եւ երեք օրում այդքան գումար է «գրել»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տրամադրած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ իրականում Նաղդալյանը բավական շատ է խոսել, ընդ որում՝ խոսել շարունակաբար:

Նրա հեռախոսավճարը միայն հունվար ամսին եղել է 1 մլն 33 հազար դրամ (ըստ Նաղդալյանի` այն ժամանակ միացված է մնացել 3G ինտերնետը): Փետրվարին նրա հեռախոսավճարը կազմել է 32,9 հազար դրամ: Բայց հետո արդեն ամսիներ շարունակ նրա հեռախոսավճարը վեցանիշ թվեր է կազմել: Մարտ ամսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունները ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել են ավելի քան 402,6 հազար դրամ կամ մոտ 1 հազար դոլար, ապրիլին` 121,4 հազար դրամ: Արդեն մայիսին Նաղդալյանի հեռախոսավճարը հասել է 684,9 հազար դրամի կամ մոտ 1 հազար 500 դոլարի, իսկ հունիսին` 913,6 հազար դրամի՝ մոտ 1 հազար 900 դոլարի: Ընդ որում, եթե հիշում եք` մայիս-հունիս ամիսներից նոր խորհրդարանն էր գործում, որն անդրանիկ նիստից հետո արձակուրդում էր (իսկ Նաղդալյանը շարքային պատգամավոր էր): Հուլիսին Նաղդալյանի հեռախոսավճարը կազմել է 95,2 հազար դրամ, օգոստոսին` 26,8 հազար դրամ, սեպտեմբերին` 46,8 հազար դրամ, բայց նա երկար չի դիմացել, եւ հոկտեմբերին, երբ արդեն բացահայտվել էր սկանդալը, խոսել է 109,2 հազար դրամի: Այնինչ, հիշեցնենք, նրա առավելագույն լիմիտը 75 հազար դրամ էր սահմանված: Համեմատության համար նաեւ նշենք, որ ԱԺ պատգամավորներից միայն Նաղդալյանի հեռախոսավճարներն են գերազանցել 150 հազար դրամը, մինչդեռ մյուս պատգամավորներից ոչ մեկն այդպես անխնա չի «օգտվել», իսկ իրականում՝ չարաշահել բյուջեի միջոցները:

Ի դեպ, այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Հերմինե Նաղդալյանին, սակայն նա համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին: