ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուսակցական գործոնն իր ազդեցությունն ունենում է. Գևորգ Կոստանյանը` չարաշահումներ արած համայնքապետերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր` կան համայնքի ղեկավարներ, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում` անհասկանալի եւ անընդունելի եկամուտ ունենալու համար: Միաժամանակ նա ասել էր, թե հունվարից հետո այլեւս ոչ մեկին չեն ներելու: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տրված համայնքապետերին իրենց արարքը ներվել է:

-Պարո՛ն Կոստանյան, Սերժ Սարգսյանն օրեր առաջ խոսեց համայնքապետերի մասին, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնն ու հարստացել: Սա արդյո՞ք հաղորդում է հանցագործության մասին, որն է գլխավոր դատախազության անելիքը:

-Հանրապետության նախագահի դիրքորոշումն ու այդ ուղերձը, որը հնչեց, չէր վերաբերում եւ չէր էլ կարող վերաբերել քրեական պատասխանատվությունից վերջիններիս խուսափելու կամ դրա վրա աչք փակելու հանգամանքին: Երկրի նախագահը խոսել է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու կամ քաղաքական պատասխանատվության չենթարկվելու՝ համայնքների ղեկավարների այդ իրադրություններին: Փաստենք, որ ոչ թե նախագահի խոսքը հանցագործության մասին հաղորդում է, այլ վերջիններիս քաղաքական պատասխանատվության չենթարկելու եւ այսուհետեւ նաեւ քաղաքական պատասխանատվության ենթարկելու մասին է խոսում: Ինչը ենթադրում է այդ թվում համայնքի ղեկավարների պաշտոնանկություններ եւ այլն, եւ այլն, որովհետեւ, այնուամենայնիվ, կուսակցական գործոնն իր ազդեցությունն ունենում է:

-Սերժ Սարգսյանի ելույթից հետո շատ դիտարկումներ եղան, թե սա փաստորեն խոստովանություն է այն մասին, որ գլխավոր դատախազությունն անգործության է մատնված եղել:

-Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում նախեւառաջ բազմաթիվ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, եւ մի շարք համայնքի ղեկավարներ ենթարկվել են այդ թվում քրեական պատասխանատվության: Դա ընթացիկ պրոցես է` նաեւ նկատի ունենալով, որ շատ ժամանակ այդ համայնքի ղեկավարի կողմից հնարավոր չարաշահումները նաեւ ավագանու գործառույթների իրականացմամբ են պայմանավորված եւ պահանջում են լայնածավալ աշխատանք:

Այսինքն` ավագանու անդամների հարցաքննություններ, բազմաթիվ փորձաքննություններ… այդ գործընթացը միշտ եղել է: Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել: Իսկ այսուհետեւ-ի հետ կապված` նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին:

Բայց նաեւ սա ուղերձ էր իրավապահ մարմիններին, որ սա միայն գլխավոր դատախազության խնդիր չի: Այստեղ ե՛ւ ոստիկանությունը լուրջ, հետեւողական աշխատանք տանելու խնդիր ունի, ե՛ւ քննչական ապարատը, ե՛ւ, իհարկե, դատախազությունը, հետո նաեւ դատարանները:

Այսինքն` համայնքի ղեկավարներին, որոնք չարաշահումներ են կատարել կամ այլ հանցագործություններ, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելը կոլեգիալ գործողությունների ամբողջություն է: Միայն գլխավոր դատախազությունից պահանջել արդարացված չէ ե՛ւ իրավական տեսակետից, ե՛ւ ողջամտության տեսակետից:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս