«Սիսիանի էլեկտրացանցերի» փոխտնօրենը քարով խփել է քաղաքացու գլխին. նոր հանգամանքեր Սյունիքում տեղի ունեցած դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում շուրջ 9 ամիս քննված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանը 23.02.2017թ.-ին բուժօգնության է դիմել «Սիսիանի բժշկական կենտրոն», որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը 07.03.2017թ.-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Կատարված նախաքննության ընթացքում Գ. Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով 20.03.2017թ.-ին ձերբակալվել, ապա` քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Ն. Զաքարյանը, ով ցուցմունք է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քարով հարվածել է Գ. Ղազարյանի գլխին:

Սակայն հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Ղազարյանին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե Ն. Զաքարյանը, այլ «Սիսիանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Մարգարյանը, ուստի 23.11.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նույն օրը Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 29.11.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս