ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են այդ փոփոխությունները կատարել: Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն դառնալն ուղղակի կարող է վտանգել իշխանական համակարգի գոյությունը: Արդյո՞ք իրատեսական է, որ ՀՀ իշխանությունները կկատարեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «ժողովուրդը» զրուցեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, Չնայած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է, սակայն կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ դրույթները կյանքի կկոչվեն: Ի՞նչ է անհրաժեշտ՝ համաձայնագիրը կյանքի կոչելու համար:
-Ինչքան էլ Հանրապետական կուսակցությունը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ բառից կընկնեն տարատեսակ հոգեվիճակների մեջ, իրականացման համար պետք է մեկ բան՝ քաղաքական կամք: Այն բարեփոխումների փաթեթը, որն առաջարկված է այդ համաձայնագրով, առանց այդ քաղաքական կամքի, ընդամենը բարի ցանկություններով, իմիտացիաներով, բնականաբար, չի իրականացվելու: Օրինակ՝ մոնոպոլիաների դեմ պայքարը, դրա համար ի՞նչ է անհրաժեշտ, իհարկե, քաղաքական կամք: Եթե իշխանությունն ունենար քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների դեմ, կարող էր անել առանց այդ համաձայնագրի էլ: Այս համաձայնագիրը բացարձակ երաշխիք չէ, որ այդ բարեփոխումները կարվեն: Սա է խնդիրը, մենք յուրաքանչյուր քաղաքացու պետք է դարձնենք այս համաձայնագրի շահառուն, քաղաքացին պետք է հասկանա, որ այս համաձայնագրի իրականացումից կախված է իր ընտանիքի բարեկեցությունը, իր երեխայի ապագա հաջողությունների ճանապարհը, ինքը պետք է դառնա շահառու, պահանջատեր: Այդ դեպքում մենք կարող ենք մտածել, որ քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակություն եւ հանրություն տանդեմն իսկապես կարող է լուրջ վերահսկողություն իրականացնել իշխանության նկատմամբ, որպեսզի համաձայնագիրը բանտիկով փաթաթած, դարակում դրած փաստաթուղթ չդառնա:
-ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններն ակնհայտ են: Դուք տեսնո՞ւմ եք այդ առաջընթացը:
-Գիտեք՝ ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենքներին եւ Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սեւ է: Եվ դա իրեն կհաջողվի անել այնպիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը կմնան բաց: Ես կոռուպցիայի դեմ պայքարի առումով որեւէ լուրջ, տեսանելի, շոշափելի, նկատելի առաջընթաց չեմ տեսնում: Տա Աստված, որ ես լինեմ մեր երկրի ամենավերջին վատատեսը, բայց ես կրկնում եմ՝ շոշափելի, նկատելի տեղաշարժ, որ ՀՀ-ի քաղաքացին զգա, որ մեր երկրում, երկրի ամբողջ համակարգը կոռոզիայի ենթարկող կոռուպցիայի դեմ տարվում է լուրջ պայքար, ոչ թե ակվարիումի մանրիկ ձկնիկներին բռնում են, իսկ օվկիանոսի շնագայլերը շարունակում են իրենց կոռուպցիոն որսը, ես, ցավոք սրտի, դեռ չեմ տեսնում:
-Ի վերջո, ինչպե՞ս ԵՄ-ն կարող է արձագանքել մեր կողմից պարտավորությունների չկատարմանը:
-Արդյունքը փակուղի է լինելու Հայաստանի համար: Այս համաձայնագիրը տալիս է հնարավորություն բարեփոխումների միջոցով ունենալ ժողովրդավար եւ ամուր պետություն, իսկ դրա բացակայության դեպքում բոլոր ճանապարհները տանելու են դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

 

 

 

ԹԱՆԿ ԱՄԱՆՈՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Այն, որ Հայաստանում Ամանորը նշելը թանկ հաճույք է, վաղուց հաստատված փաստ է: Չնայած Ամանորի գիշերը Հայաստանում գործող ռեստորանային համալիրները բազմազան ծրագրեր են առաջարկում, սակայն գները բավականին թանկ են: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե դեկտեմբերի 31-ի գիշերը ժամանցի տարբեր վայրերում ինչպիսի գնային քաղաքականություն է տիրում: Ընդ որում, համեմատելով նախորդ տարի տիրող գնային քաղաքականության հետ՝ պարզեցինք, որ այս տարի այս ոլորտում եւս լուրջ թանկացումներ են եղել:

Այսպիսով՝ եթե նախորդ տարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում անկյունային հատվածում մեկ անձի համար կարելի էր վճարել 48 հազար դրամ, ապա այս տարի գները սկսվում են 50 հազար դրամից: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին այս ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքը 40 հազար էր: Ինչպես նշեցինք՝ այս տարի գները սկսվում են 50 հազարից, սակայն կախված նստելու վայրից՝ դրանք բարձրանում են: Ռեստորանային համալիրում ելույթ են ունենալու «Փարավոն» համույթը, Արամ mp3-ը, Սեւակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանում մեկ անձի վճարն այս տարի կազմելու է 45 հազար դրամ՝ նախորդ տարվա 40 հազար դրամի փոխարեն: Ինչպես «Փարավոն»-ի դեպքում, այստեղ եւս արժեքի մեջ ներառված է նաեւ հյուրասիրությունը: Ամանորի գիշերն այստեղ եւս բազմաթիվ երգիչ-երգչուհիներ հանդես կգան, օրինակ՝ Սոնա Շահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, «Բելաջիո» համույթը եւ այլք:
Jose համալիրի տարբեր սրահներում տարբեր արժեքներ են տիրում: Ռեստորանում մեկ անձը Ամանորի գիշերը պետք է վճարի 45 հազար դրամ, որի մեջ մտնում է ինչպես շոու ծրագիրը, այնպես էլ հյուրասիրությունը: SHOW CLUB-ում մուտքը մեկ անձի համար կազմում է 20 հազար դրամ: Այս գումարը իր մեջ ներառում է միրգ եւ շամպայն: «Լաունջ» բարում մեկ անձի մուտքի արժեքը 15 հազար դրամ է:
«Յանս» համալիրում գնային փոփոխություններ չեն եղել: Գործում են հետեւյալ արժեքները` 15, 20 եւ 25 հազար դրամ: Բոլոր արժեքների դեպքում էլ գործում է հյուրասիրություն` միրգ, կոնֆետ կամ շամպայն: Այստեղ եւս կլինի շոու ծրագրիր, հանդես կգա «Յանս» բենդը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի առաջին հարկում մեկ անձի մուտքը 15 հազար դրամ է, երկրորդ հարկում՝ 10 հազար դրամ: Այս արժեքն իր մեջ ներառում է միայն շոու ծրագիրը, իսկ հյուրասիրության համար այցելուները կվճարեն՝ ըստ իրենց պատվերի չափի: Ամանորի գիշերն այս ռեստորանային համալիրում հանդես կգան Սպիտակցի Հայկոն, Սարոն, Ապարանցի Դավոն եւ այլք:
«Հավանա» ռեստորանային համալիրում եւս տարբեր ծառայություններ եւ արժեքներ են գործում: 1 անձի համար առաջին հարկում 35 հազար դրա է (նախորդ տարի՝ 29 հազար), երկրորդում` 30 հազար (անցած տար 26 հազար), իսկ երրորդում` 25 հազար ( անցած տարի 20 հազար դրամ է եղել): Արժեքի մեջ մտնում է հյուրասիրություն՝ շամպայն, միրգ: Իսկ դասական սրահում մեկ անձի մուտքը արժենալու է 25 հազար դրամ (նախորդ տարի արժեցել է 18 հազար դրամ): Ամանորի գիշերը ելույթ են ունենալու համալիրի երգիչ-երգչուհիները, իսկ հատուկ ծրագրով հանդես կգա երգչուհի Նունե Եսայանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՊԱՇՏՈՆԸ ԲԻԶՆԵՍԻՑ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Հարությունյանը, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, ունի երկու բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հատ բազմամյա տնկի, մեկ հողամաս: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ բացի այդ՝ նա ունի երեք հատ շարժական գույք` «Toyota SeQuoia 4.7» մակնիշի ավտոմեքենա, «Safe CC6460DY» մակնիշի մեխանիզմ եւ «Uaz 39094» մակնիշի բեռնատար: Նրա դրամական միջոցները, այս տարվա հուլիսին պաշտոնը ստանձնելու դրությամբ, կազմում են 20 մլն դրամ, 90 հազար դոլար եւ 100 հազար եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 57 հազար դրամ, իսկ վարձակալության դիմաց նա ստացել է 5 մլն 124 հազար դրամի եկամուտ, 15 հազար դոլարի եւ 1.9 մլն դրամի չափով էլ նա փոխառություններ է ստացել: Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է այս տարվա հուլիսի 3-ին: Իսկ մինչ այդ նա ջրային կոմիտեի տարբեր վարչություններում ավագ մասնագետ է եղել: Մինչեւ 2009 թվականը նա բիզնեսով է զբաղվել, հետագայում աշխատանքի է անցել ջրային տնտեսության պետական կոմիտեում: Կարելի է ենթադրել՝ պետական ծառայողի աշխատանքն ավելի եկամտաբեր է:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՔՉԱՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը այս տարվա 9 ամիսներին ՀՀ պետական բյուջե է վճարել 798 մլն 204 հազար դրամի հարկեր եւ տուրքեր: Անցած տարի նույն ժամանակահատվածում «Քեթրին գրուպը» վճարել է 541 մլն 136 հազար դրամի հարկեր: Հիշեցնենք, որ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է հենց «Քեթրին գրուպ» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանանի ներկրմամբ սկսել է զբաղվել նաեւ «Մելատրոպիկ» ընկերությունը, որը փոխկապակցված է «Քեթրին գրուպ»-ի հետ: «Մելատրոպիկ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի զբաղեցրել:
 

ՈՒՂԵՎՈՐ ՉԿԱ
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը այս տարվա 10 ամիսներին նվազել է: Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ուղեւորափոխադրումներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել են 3.2 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 4.1 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 13 տոկոսով:




Լրահոս