Ի՞ՆՉ ՄԻՏՈՒՄՆԵՐ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ձմեռ է, եւ ամենքս էլ մտածում ենք մեր զգեստապահարանները տաք, բայց միեւնույն ժամանակ նորաձեւ զգեստներով համալրելու մասին: Այս հարցում մեզ կարող է օգնության հասնել մասնագիտական կարծիքը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:-Արայի՛կ, ձմեռային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում, ի՞նչ նոր միտումներ եք նկատում:

-Այս տարի տենդենցները տարբեր են ինչպես գույների, այնպես էլ ձեւվածքների եւ գործվածքների բազմազանության առումով: Եթե նախկինում անցյալ տարիների նորաձեւության միտումներից մնում էին միայն դետալներ, ապա այս տարի իրավիճակն այլ է, քանի որ շատ միտումներ «ժառանգվել են» նախորդ սեզոններից: Եվ մի բան էլ. եթե նախորդ սեզոններին դիզայներները գրեթե նույն տենդենցներին էին հետեւում, ապա այս տարի կարծես մեկը մյուսից այդքան էլ տեղյակ չեն:
-Այս ձմռանը ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունն է համարվելու նորաձեւ:
-Գույների առումով, այսպես ասած, շիլաշփոթ վիճակ է. նորաձեւ են դարչնագույնը, նռան գույնը, կապույտի եւ կանաչի երանգները, ոսկեգույնը: Սրանցից մի քանիսը նորաձեւ են իրենց բոլոր երանգներով, օրինակ՝ դարչնագույնը նորաձեւ է բաց խամրած դեղինից մինչեւ նարնջագույն եւ դեպի ոսկեգույն տանող երանգները: Շատ քիչ է պատահում, որ գույնը թրենդի մեջ է մնում՝ իր ողջ գունապնակով:
-Իսկ ի՞նչ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները:
-Նորաձեւ են արհեստական մորթիները՝ իրենց էքսցենտրիկ գույներով եւ կտրվածքներով, ձեռագործ գործվածքները, որոնցով ողողված են խանութները: Մոդայիկ են փայլուն ֆակտուրայով գործվածքները: Եվ եթե նախկինում փորձում էինք քարերով համալրել զգեստները, ապա հիմա դրա կարիքը չկա: Ակտուալ են նաեւ երբեմնի գերմանական բանակի զինվորական հագուստի համար նախատեսված գործվածքները, օրինակ՝ դրապը: Այսինքն՝ գերակշռող են այն գործվածքները, որոնք թեթեւ են եւ արդուկելու կարիք չեն զգում, միեւնույն ժամանակ, շատ տաք են:
-Ի՞նչ տաբատներ, շրջազգեստներ եւ զգեստներ, վերնաշապիկներ, բլուզներ խորհուրդ կտաք կրել:
-Նորաձեւ են վերեւից մինչեւ ներքեւ լայն մոդելները, միայն տակը լայն, փայլուն եւ թավշյա տաբատները, շրջազգեստներից՝ միդի մոդելները՝ մեկ ոտքը բաց: Դրանք կրում են երկար վերնաշապիկների հետ: Ի դեպ, վերնաշապիկներից թրենդային են մեծ ու ակնհայտ բացվածքով զգեստ հիշեցնող մոդելները: Թրենդային են նաեւ դասական վերնաշապիկները՝ նուրբ գիպյուրե լրացումներով: Զգեստներից ակտուալ են ամենօրյա (oversize) զգեստները, իսկ երեկոյան հագուստներից՝ ձեռագործ ասիմետրիկ ձեւվածքներով զգեստները: Բլուզներից մոդայիկ են բրդյա գործվածքները՝ նուրբ ու քարերով զարդարված գործվածքներով համադրված:
-Ինչպիսի՞ կոշիկներ, երկարաճիթ կոշիկներ խորհուրդ կտաք կրել այս ձմռանը:
-Կոշիկների առումով ինչպես նախորդ սեզոններին, թրենդային են ուգիները՝ զարդարված տարբեր աքսեսուարներով: Հավաքածուներում տեղ են գտել հաստ կրունկներով կիսաճթքավոր կորշիկները: Ճթքավոր կոշիկներից շատ են ոսկեգույն, սեւ փայլուն, հայելու տեսք ունեցող արծաթափայլ բարձրակրունկ մոդելները:
-Գլխարկի, պայուսակի, ակնոցի, մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում սեզոնը:
-Գլխարկների առումով արտասովոր նորություններ չկան, կան նախորդ սեզոնից մնացած մոդելներ, որոնք ներկայացված են նորովի: Պայուսակներից նորաձեւ են ավելի հավաք եւ կոնկրետ ֆորմաներ ունեցող մոդելները՝ մի քանի գրպաններով եւ փականներով:
-Իսկ եթե խոսելու լինենք զարդերի մասին, ի՞նչ դիտարկումներ կարող եք անել:
-Զարդերի մասով ընտրությունը բազմազան է: Ակտուալ են սկսած փոքր, աննկատ ականջօղերից մինչեւ հոնքի եւ շրթունքի փիրսինգները: Աչքի են զարնում մեծ, գունավոր քարերով, կաշվե հավելումներով օղերը, աֆրիկյան ոճի մեծ վզնոցները: Սեզոնին տարածում ունեն մի քանի մատանիների կրումը: Ակնոցների ընտրանին, օրինակ, սահմանափակ է: Նախապատվությունը տրվում է unisex ոճի ակնոցներին, այսինքն՝ մի դիզայն, որն ընդունելի է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար: Այս ձմռանը թրենդային են նաեւ բրոշները, շքանշաններն ու նմանատիպ այլ աքսեսուարներ:
-Առհասարակ, ձմռանը ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել մեր արտաքին տեսքն ապահովելիս:
-Յուրաքանչյուրը կարող է հենց իր ձեռքով իր ունեցած մուշտակը կամ վերարկուն դարձնել նորաձեւ: Օրինակ՝ հին, անպետք հագուստի վրայից հանելով տարբեր գույնի, չափի, ձեւի պիտակները եւ դրանք անցկացնելով մեծ բուլավկայի վրա, կարող են փակցնել դրանք վերարկուին կամ մուշտակին: Այնպես որ, ամեն բան կախված է մեր երեւակայությունից:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱՐՄԻՆԿԱՆ ՈՒ ՆՈՐՈՆ ԳՆԱՑԵԼ ԵՆ ԲԻՅՈՆՍԵԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Վերջին տարիներին ակնհայտ է հայ աստղերի արտագաղթը՝ տարբեր երկրներ, հատկապես Միացյալ Նահանգներ: Այդ երկրում է բնակվում, օրինակ, Էմմին, մեկ տարի առաջ էլ իր ընտանիքով ԱՄՆ մեկնեց Արմինկան: Վերջինս, ի դեպ, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը նախընտրում է իր նորությունների մասին պատմել սոցցանցերի էջերի միջոցով: Այսպիսով՝ օրեր առաջ նա տեղեկացրեց, որ նոր տեսահոլովակ է նկարահանել երգիչ Նորոյի հետ դուետի հիման վրա: Ի դեպ, Նորոն եւս համալրում է ամերիկաբնակ աստղերի ցանկը: Նա արդեն տեւական ժամանակ է՝ ապրում է օվկիանոսից այն կողմ:

Հիմա արդեն համացանցում հասանելի է հայկական էստրադայի երկու ներկայացուցիչների համատեղ աշխատանքը, որը կոչվում է «Սեր ու տարիներ»: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Նորոյի հետ՝ փորձելով իմանալ այլ մանրամասներ եւս: Այսպիսով՝ երգիչներն ԱՄՆ-ում տեսահոլովակի շնորհանդես են կազմակերպել, որին ներկա են եղել հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ)՝ կնոջ հետ, հաղորդավար Արտավազ Ամիրյանը, դերասան Գրիգոր Դանիելյանն ու կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, եւ այլք: Վերջիններիս լուսանկարներն, ի դեպ, շատ արագ տարածվեցին սոցցանցերում, եւ դրանցից կարելի է ենթադրել, որ խնջույքը բավական ճոխ է կազմակերպված եղել:
«,Ասեմ, որ տեսահոլովակը նկարահանել ենք ԱՄՆ-ում, մի վայրում, որտեղ տեսահոլովակ է նկարահանել նաեւ համաշխարհային ճանաչում վայելող երգչուհի Բիյոնսեն: Տեսահոլովակի վրա աշխատել ենք ընդամենը մեկ օր, առավոտից աշխատանքները մեկնարկել են եւ տեւել են մինչեւ իրիկուն»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը:
Իսկ հարցին, թե արդյոք շնորհանդեսի միջոցառումը մեծամասշտաբ է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շնորհանդեսին մոտավորապես երկու հարյուր հյուր ունեինք թե՛ Երեւանից, թե՛ Լոս Անջելեսից»:
Հավելենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորոն նշել էր, որ շատ է կարոտել Հայաստանը, ամեն օր հետեւում է մեր երկրին առնչվող բոլոր նորություններին, սակայն, ինչպես երեւում է, վերադառնալու նպատակ երգիչը դեռ չունի:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս