ԹՐԱՄՓԻ ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործերը առանձնապես լավ չեն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական բնագավառներում: Եվ եթե արտաքին հարաբերություններում Թրամփը ԱՄՆ-ին քայլ առ քայլ մոտեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ընդհարմանը, ապա ներքին հարթակում կարծես գնում է դեպի հարկադրյալ պաշտոնանկության: Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների կապերը հետաքննող դատախազը հետեւողականորեն սեղմում է օղակը Թրամփի շուրջ՝ քայլ առ քայլ իր ճանկը գցելով նախագահի մերձավորներին:

Դեռեւս նախորդ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նախկին հատուկ խորհրդական Մայքլ Ֆլինը սկսել է համագործակցել ՀԴԲ-ի եւ մասնավորապես հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննչական հանձնախմբի հետ: Այդպիսի ենթադրության հիմք էր հանդիսացել տեղեկությունն այն մասին, որ Ֆլինի իրավաբանները հրաժարվել էին խորհրդակցել Թրամփի իրավաբանների հետ՝ պատճառաբանելով շահերի հնարավոր բախումը: Սա իսկապես արտառոց էր, քանզի նախկինում երկու կողմերի իրավաբանները հանդես էին գալիս իբրեւ մեկ միասնական ճակատ՝ փոխանցելով միմյանց հասանելի դարձած տեղեկությունները, խորհրդակցում առաջիկա քայլերի շուրջ, ինչպես նաեւ մշակում միասնական մարտավարություն: Սակայն այն պահից, երբ հայտնի դարձավ Ֆլինի ու Թրամփի իրավաբանների համագործակցության խզման փաստը, այլեւս պարզ էր, որ «հակառակորդ», հատուկ դատախազի ճամբարը համալրվել է «դասալիք» Ֆլինով: Թեպետ ո՛չ իրավապահները, ո՛չ էլ Ֆլինի փաստաբանները չէին հաստատում ճամբարափոխության փաստը, բոլորի համար պարզ էր, որ Թրամփի կուռ թիմը հերթական կորուստն է տվել:
Ուրբաթ երեկոյան պարզ դարձավ, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը պաշտոնաթող գեներալին մեղադրանք է առաջադրել՝ ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու համար: Հիշենք, որ Ֆլինը ժամանակին ամբողջությամբ չէր գաղտնազերծել ռուսական կառավարող շրջանակների հետ իր հարաբերությունները եւ թաքցրել էր առանցքային դրվագներ իր վարած բանակցություններից: Սակայն ստելով հանդերձ՝ գեներալը այնպիսի բանակցություններ էր վարել ռուսների հետ եւ այնպիսի հարցեր համաձայնեցրել, որոնք վեր էին իր լիազորությունների շրջանակից՝ իբրեւ իշխանության փոխանցման համար Թրամփի թիմի ներկայացուցիչ: Այդժամ Ֆլինը չէր կարող ԱՄՆ պետության անունից հանդես գալ ՌԴ դեմ պատժամիջոցների վերացման կամ նմանատիպ այլ հարցերով, մինչդեռ նա դա իրականացրել էր: Ավելին՝ անգամ պարզվեց, որ Ֆլինը համաձայնել էր հոնորարի դիմաց ծառայություններ մատուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս գործողությունները պարունակում էին քրեական հանցագործության առարկայական տարրեր, եւ այսժամ պարզապես զարմանալի է, որ դատախազը Ֆլինին առաջադրել է մեղադրանք միայն իրավապահներին ստելու համար: Նման մեղմ վերաբերմունքի պատճառը, սակայն, պարզ դարձավ, երբ հայտարարվեց, որ նախկին գեներալը խոստացել է համագործակցել դատախազի հետ նրան անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու պայմանով: Ակնհայտ է, որ դատախազը չի ցանկացել խստացնել Ֆլինին սպառնացող պատիժը նրա ունեցած տեղեկատվությունն օգտագործելու միտումով: Ֆլինը, ըստ այդմ, համաձայնել է դառնալ դատախազի «ինֆորմատորը»: Մյուլլերի քայլը շատ պարզ է ու հստակ՝ Ֆլինի տեղեկատվությունն ու ցուցմունքները օգտագործել եւ հասնել ավելի բարձր օղակների: Այդպիսի բարձր օղակ է համարվում Թրամփի փեսա եւ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները: Արդեն իսկ հայտնի է, որ ռուսական շրջանակների հետ բանակցելու հորդորը Ֆլինին եկել է Քուշների կողմից: Այս իրավիճակում ԱՄՆ առաջին փեսան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, թեպետ իբրեւ կամավոր ավելի վաղ հարցաքննվել է ՀԴԲ քննիչների կողմից:
Թրամփը արդեն իսկ գիտակցում է, որ ռուսական հետքի շուրջ ձերբակալությունները մոտենում են իրեն: Դրանց արդյունքում բացահայտվելիքը գուցե բավարար չլինի նախագահին քրեական մեղադրանք առաջադրելու համար, սակայն լիուլի բավարար կլինի իմպիչմենտի համար: Թրամփը ցուցադրական անտարբերությամբ արձագանքեց Ֆլինին առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ ինքը Ֆլինին աշխատանքից ազատել է փոխնախագահ Փենսին ու ՀԴԲ-ին ստելու համար: Այդ կերպ նա ցույց է տվել, որ անհանգստանալու ոչինչ չունի: Իրականում ՀԴԲ-ի նախկին տնօրենին պաշտոնանկ էր արել հենց Ֆլինի դեմ հետաքննությունը չկասեցնելու համար, ինչը արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ֆոնին հանդիսանում է իբրեւ արդարադատությունը խոչընդոտելու գործողություն:
Իրավիճակն իրականում չափազանց նուրբ է, եւ իրադարձությունների հետագա զարգացումը անհնար է ճշգրտորեն կանխատեսել: Փաստ է, որ հատուկ դատախազը քայլ առ քայլ մոտենում է նախագահին՝ ստեղծելով քաղաքական նախադրյալներ, որպեսզի Թրամփի հակառակորդները կարողանան պաշտոնանկության գործընթաց սկսել: Պարզ է միայն, որ իրավիճակը հանգուցալուծվելու է քաղաքական որոշմամբ, ինչն էլ իր հերթին կախված է զիջումների գնալու Թրամփի պատրաստակամությունից:
Ի դեպ, 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ ոճրագործության քննությամբ զբաղվում էին անմիջականորեն Քոչարյանին չենթարկվող քննիչները, ձերբակալությունների շղթան նույնպես մոտենում էր նախագահական նստավայրին: Այդժամ անգամ ձերբակալվել էին ինչպես նախագահականից ուղղորդվող հեռուստատեսության աշխատակիցները, այնպես էլ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, ապա օգնական Ալեքսան Հարությունյանը: Սակայն երբ իշխանությունից հեռացվեց Քոչարյանին ընդդիմացող թեւը՝ վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ձերբակալությունները դադարեցին, կալանավորվածները ազատ արձակվեցին, իսկ կազմակերպիչների մասով գործը կարճվեց: ԱՄՆ-ում, սակայն, իրադարձությունների նման սցենարը բացառվում է, քանի որ այդ երկրի ժողովրդավարական եւ իրավական ավանդույթները նույնիսկ երկրի նախագահին հնարավորություն չեն տալիս առանց հիմքի իր հակառակորդներից ազատվել:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԵՐԲԵՄՆԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂԸ՝ ՍՆԱՆԿ

Ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկ ճանաչված «Մանչո Գրուպ» ընկերությունը նոր պարտատերեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է ոչ միայն առեւտրային բանկերին, այլեւ պետական եկամուտների կոմիտեին: Օրինակ՝ «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին ընկերությունը պարտք է 4 մլն 588 հազար դրամ, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` 184 մլն 634 հազար դրամ:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 29-ին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ահա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 14-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: «Մանչո գրուպ»-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին պարտատերերի հաստատված ցուցակ դեռ չկա: Ապա տեղեկացրեց, որ ընկերության սեփականատերը լուրջ մտադրություն ունի ընկերության առողջացման ծրագիր ներկայացնելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ընկերության առաջին պարտատերը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն է, որի պահանջի չափը կազմել է 8 մլն 850 հազար 480 դոլար, 27 մլն 257 հազար 765 դրամ եւ 500 հազար դրամ: Պարտատերերի ցանկում է տեղ գտել նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի» ընկերությունը, որի պահանջի չափը կազմում է 14 մլն 411 հազար 998 դոլար: «Մանչո գրուպ»-ը պարտք է նաեւ «Քուանդիլ Սերվիսիզ ԼԹԴ» ՍՊԸ-ին, իսկ պահանջի չափը կազմում է 350 հազար դոլար: «Մոդուս Գրանում»-ի պարտք կազմում է 340 մլն 186 հազար դրամ, «Սարանիստ»-ինը՝ 22 մլն 913 հազար դրամ, «Կարտոն-Տարա»-ին` 8 մլն 880 հազար դրամ:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս երկու-երեք տարի առաջ «Մանչո գրուպ»-ը Հայաստանի ամենախոշոր ալյուր արտադրող չորս ընկերություններից մեկն էր: Ցորենի ներկրման եւ ալյուրի արտադրության շուկայի 20-ից 25 տոկոսը բաժին էր հասնում հենց այդ ընկերությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՆԵԼ Է ԶԻՆԱԿՑԻՆ
Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է զինծառայող Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է զինակցին սպանելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ այս միջադեպի նախապատմությունը: Մեղադրյալ զինվորը, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն է իրականացրել: Ա. Հակոբյանը վեճի է բռնվել զինծառայող Գագիկ Մեսրոպյանի հետ, քանի որ իմացել է, թե ով է վերցրել վերջինիս զենքը: Իսկ Գ. Մեսրոպյանը հայհոյանքներ է հնչեցրել իր զենքը վերցնողի մասին իմացողի հասցեին: Վեճի արդյունքում Ա. Հակոբյանը հրազենից կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք: Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապահին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է եղել, կոչումով կրտսեր սերժանտ: Նա ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է ասմունքի՝ արդեն ավանդական դարձած փառատոնի մարզային փուլը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն այս անգամ կրել է «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը եւ նվիրված է եղել հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատամարտի հերոսներին: Եթե ընդունում ենք, որ արցախյան ազատամարտը սկսել է 1988 թվականի շարժմամբ, ապա այս տարի այդ իրադարձության 29-ամյակ է լրանում: Մյուս կողմից էլ բոլորին հայտնի է, որ արցախյան շարժումն ի սկզբանե անկախության համար չի եղել եւ հետագայում է այդպիսին դարձել: Մի խոսքով, մարզպետարանում մի փոքր շտապել են կամ էլ չեն իմացել, թե ասմունքի փառատոնը ինչ խորագրի ներքո անցկացնեն եւ հնթացս «ստեղծագործել» են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս