ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՆ, ՈՒՐԵՄՆ ԴԵՄ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը հայտարարեց, որ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են ընտրությունների ընթացքը:

Ամփոփելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` դիտորդական առաքելություն իրականացրած կառույցն իր հրապարակած հաղորդագրությունում նշել էր. «Չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին եւ ընտրախախտումները նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընտրակաշառքի, քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկատվությունը ստվերել է ընտրությունների ընթացքը»: Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել էին, որ եթե չլինեին ընտրակաշառքի եւ ընտրողների վրա ճնշումների դեպքերը, ապա հնարավոր կլիներ ասել, որ ընտրությունները անցել են ազատ, արդար եւ թափանցիկ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում խոսել է ընտրակաշառքի ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, որոնք ստվերել են ընտրությունների ընթացքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը:
-Զեկույցում նշվում է, որ վստահության բարձրացում է պետք: Մենք ասում ենք՝ ինչքան էլ աշխատենք, ինչքան էլ ընտրություններ կազմակերպենք, միշտ պետք է աշխատենք, որպեսզի հանրության վստահությունը բարձրացնենք ընտրությունների հանդեպ: ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը եւս արձանագրել է, որ այս ընտրությունները անհամեմատելի են նախորդի հետ, կա լուրջ առաջընթաց: Եթե խոսում ենք թերությունների մասին, դուք պետք է ի նկատի ունենաք, որ ամբողջ ընտրական պրոցեսի ժամանակ որեւէ մի բողոք չի եղել քաղաքական ուժերի կողմից, որեւէ մեկ բողոք չի եղել վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների կողմից: Ընդամենը մի քանի բողոքներ եղել են դիտորդների կողմից, հետընտրական որեւէ հետեւանքներ չեն եղել: Իսկ Սահմանադրական դատարան ընդամենը մեկ քաղաքական ուժ է դիմել երեք կետերով: Դա արդեն այն ցուցանիշներն են, որոնք խոսում են համեմատության մասին նախորդ ընտրությունների հետ:
-Սակայն խոսք է գնում վարչական ռեսուրսի կիրառման եւ ընտրակաշառքի մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դա եւս արձանագրել է:
-Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն արձագանքներին, որոնք վարչական ռեսուրսի կիրառման, քվեների գնման մասին են, ապա մենք ասում ենք, որ վարչական ռեսուրսները հարաբերական են: Այսօր ՀՀԿ-ն իշխանություն է, եւ իշխանության մեջ գտնվող անձինք նույնպես կուսակցականներ են, եւ նրանք պետք է իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտեն, ցուցաբերեն: Եթե դա դիտում են որպես վարչական ռեսուրս, ես այդքան համաձայն չեմ: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են եւ ընտրողներ են, այդտեղ մի քիչ վիճելի հարց կա: Ինչ մնում է քվեների առուծախին, ապա ես էլի եմ կրկնում՝ արջի ծառայություններ մատուցածներ կլինեն, նման երեւույթները մենք չենք բացառում, որ եղել են: Սա առաջին քայլն էր նման տիպի ընտրությունների գնալու, որովհետեւ համակարգ է փոխվել: Համենայնդեպս, բոլոր միջազգային կառույցները դրական են գնահատել, բայց մենք աշխատելու տեղ ունենք: Եվ ընտրական օրենսգրքում, եթե եղել են բացեր, եթե անհրաժեշտություն կա, պետք է փոփոխություններ անել: Հաջորդ ընտրությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա անցկացնենք:
-Խոսեցիք հասարակության վստահության բարձրացման մասին: Ժողովուրդը շարունակում է չվստահել ընտրությունների արդարությանը:
-Ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում: Չի կարելի համեմատել, քանի որ այդ վստահության պակասն էր, որ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց: Այսինքն՝ հետընտրական պրոցեսներ չլինելն արդեն խոսում է վստահության բարձրացման մասին: Լիարժե՞ք է այդ վստահությունը, ո՛չ:
-Բայց փողոց դուրս գալը խոսում է իշխանությունների հանդեպ վստահության բարձրացմա՞ն, թե՞ հիասթափության եւ համակերպվելու մասին:
-Դա կարող են վերագրել այդպես: Բայց ժողովուրդը նման մոտեցումներ չունի, որ ասի՝ վատ է, բայց հարմարվում ենք:
-ԵՄ-ն մշտապես կարեւորում է ազատ, արդար ընտրությունները: Այդպիսի ընտրությունները համապատասխանո՞ւմ են ՀՀ-ԵՄ համաձայնագրի պահանջներին:
-Իհարկե, համապատասխանում են: Եթե համեմատական ենք տանում, ապա այս ընտրություններում լուրջ առաջընթաց է եղել, բայց մենք աշխատելու տեղ ունենք:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

-Պարո՛ն Վարդանյան, ինչպես եք գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում առկա գնահատականները:
-Յուրաքանչյուր նման վերջնական ամփոփումից հետո նրանք նաեւ հանձնարարականներ են առաջարկում, որոնք պետությունն իր քայլերում նկատի է ունենում: Սա վերջնական զեկույցն է, մենք ունեցել ենք վեց ամսից ավելի շատ ժամանակ, եւ եթե նկատել եք, բոլոր քաղաքական ուժերի ելույթներում այդ ամեն ինչն արձանագրված էր: Կարծում եմ՝ մենք արդեն իսկ ունենք նախատեսված Ընտրական օրենսգրքի բարեփոխման դրույթ, որն ամրագրված է նաեւ կոալիցիոն հուշագրով եւ առաջիկայում անդրադարձ կկատարվի նաեւ այդ խնդիրներին:

 

 

 

2018-Ի ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

Այսօր խորհրդարանում կմեկնարկի 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման երկրորդ փուլը: Խորհրդարանում կքննարկվի արդեն նախագծի լրամշակված տարբերակը, քանի որ նոր նախագծում հաշվի են առնվել նաեւ պատգամավորների առաջարկները: Իսկ ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում: Նախ նշենք, որ ընդհանուր առմամբ պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որից միայն 15-ն է ընդունվել, ընդ որում, մի քանիսն էլ՝ մասնակի: Նախ նշենք, որ 2018 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն ավելացել են 15 մլրդ դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն անդրադարձել էր այն փաստին, որ կառավարությունն անգամ մերժել է իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր 8 առաջարկները: Ընդ որում, նրանք առաջարկները ներկայացրել էին ոչ թե անհատ պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Միանգամայն սպասելի կերպով մերժվել են նաեւ «ԵԼՔ» խմբակցության բոլոր առաջարկները: Էդմոն Մարուքյանը ներկայացրել էր 10-ից ավել առաջարկ, իսկ Գեւորգ Գորգիսյանը՝ 1 առաջարկ. բոլորն էլ մերժվել են տարբեր պատճառաբանություններով:
«Ծառուկյան» խմբակցության պարագայում իրավիճակը մի փոքր այլ է: Նախ նշենք, որ այս խմբակցության կազմում ամենաշատ առաջարկներ ներկայացրած պատգամավորները Միքայել Մելքումյանն ու Վարդան Բոստանջյանն են: Նրանց եւ խմբակցության մյուս պատգամավորների ներկայացրած առաջարկների թվում կան այնպիսիները, որոնք ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի: Հետաքրքիր պատկեր է ՀՀԿ-ական պատգամավորների պարագայում. ամենաշատ առաջարկները հենց այս խմբակցությունից է ներկայացված, ընդ որում, նաեւ այնպիսի պատգամավորներից, ովքեր խորհրդարանում ելույթ առհասարակ չեն ունենում, բայց արի ու տես, որ բյուջեի մասին առաջարկություններ են ներկայացնում: Մասնավորապես առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ-ականներ Մանվել Գրիգորյանը, Արայիկ Գրիգորյանն ու Արկադի Համբարձումյանը. վերջինս ամենամեծ թվով առաջարկներն է ներկայացրել, սակայն բոլոր առաջարկներն էլ մերժվել են:
Ինչեւէ, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների կողմից 2018 թվականի պետական բյուջեն բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում քննարկման ժամանակ: Եվ եթե «ԵԼՔ» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել էր բյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին, ապա «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, թե իրենց քվեարկության պատկերը կախված կլինի՝ որքանով կառավարությունը կընդունի իրենց առաջարկները: Չնայած կառավարության պատասխանն արդեն պատրաստ է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Ծառուկյան» խմբակցությունում դեռ վերջնականապես չեն կողմորոշվել՝ դեմ, թե ձեռնպահ քվեարկել եկող տարվա բյուջեի նախագծին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, «Ծառուկյան» խմբակցությունը նիստ կգումարի` վերջնական դիրքորոշումը հստակեցնելու համար:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԾՆՈՒՆԴԸ
Ժուկով-ժամանակով խնջույքները տեւում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց: Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, եւ ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաեւ նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը: Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին:

 

 

ՀԱՑԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հացի քաշն են նվազեցնելու, կա՛մ էլ գինն են բարձրացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գինը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը: Եւ այս նոր կարգի համաձայն` սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եւ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու:

 

 

ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ
Օրենսդիրներին այս տարի եւս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ պատգամավորներին եւս մեկ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 19-ին եւս մեկ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր ընդգրկված կլինեն: Չնայած օրակարգում այնպիսի հարցեր ընդգրկված չեն, որոնք կարող են երկարացնել նիստի ընթացքը, սակայն կրկին արտահերթ նիստի միտքը, բնականաբար, պատգամավորների սրտով չէ: Հավելենք, որ արտահերթ նիստի օրակարգում մոտ 14 հարց է ընդգրկված, որոնց թվում են նաեւ «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը: Չի բացառվում, որ ընթացքում կառավարությունը այլ նախագծեր եւս հրատապ համարի եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը արտահերթ նիստեր գումարելու նախաձեռնությամբ հանդես գա:




Լրահոս