ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

գ) Բարձրագույն կրթության ոլորտում համապատասխանեցման եւ համակարգված բարեփոխումների գործընթացի խթանում, ինչը բխում է Եվրոպական միության՝ Բարձրագույն կրթության արդիականացման ծրագրից եւ Բոլոնիայի գործընթացից,
դ) միջազգային գիտական համագործակցության ամրապնդում, Եվրոպական միության համագործակցության ծրագրերին մասնակցության ընդլայնում, ինչպես նաեւ ուսանողների եւ ուսուցիչների շարժի բարելավում,
ե) օտար լեզուներ սովորելու հարցում խրախուսում,
զ) ազգային որակավորումների շրջանակի մշակում՝ Եվրոպական որակավորումների շրջանակին համահարթեցված Տեղեկատվական կենտրոնների եվրոպական ցանցի եւ Ազգային ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոնների (ՏԿԵՑ-ԱԱՃՏԿ) համայնքի շրջանակներում որակավորումների եւ կոմպետենտության ճանաչումն ու թափանցիկությունը բարելավելու նպատակով,
է) մասնագիտական կրթության եւ վերապատրաստման հետագա զարգացման նպատակով համագործակցության ընդլայնում՝ հաշվի առնելով Եվրոպական միությունում պատշաճ գործելակերպը, եւ
ը) Եվրաինտեգրման գործընթացի ընկալում եւ դրա վերաբերյալ իրազեկության ամրապնդում, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների մասին գիտական երկխոսություն եւ Եվրոպական միության համապատասխան ծրագրերին մասնակցություն, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության ոլորտում։
ՀՈԴՎԱԾ 95
Կողմերը համաձայնում են երիտասարդությանն առնչվող հարցերում փոխգործակցության շուրջ՝ նպատակ ունենալով՝
ա) ամրապնդել երիտասարդությանն առնչվող քաղաքականության եւ երիտասարդների ու երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների համար ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցությունն ու փոխանակումները,
բ) խթանել հասարակական կյանքում բոլոր երիտասարդների ակտիվ մասնակցությունը,
գ) աջակցել երիտասարդների եւ երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների շարժին՝ որպես ֆորմալ կրթական համակարգերից դուրս միջմշակութային երկխոսությունը խթանելու եւ գիտելիք, հմտություններ ու կոմպետենտություն ձեռք բերելու միջոց, այդ թվում՝ նաեւ կամավոր գործունեության միջոցով, եւ
դ) քաղաքացիական հասարակությանն աջակցելու նպատակով խթանել երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությունը։

ԳԼՈՒԽ 18
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 96
Կողմերը պետք է խթանեն մշակութային համագործակցությունը՝ Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքների համաձայն։ Կողմերը պետք է ձգտեն քաղաքական կանոնավոր երկխոսության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում մշակութային արդյունաբերության զարգացման ոլորտներում։ Կողմերի միջեւ համագործակցությունը պետք է խթանի միջմշակութային երկխոսությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունից եւ Հայաստանի Հանրապետությունից մշակույթի ոլորտի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության միջոցով։
ՀՈԴՎԱԾ 97
Համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի՝
ա) մշակութային համագործակցության եւ մշակութային փոխանակումների վրա,
բ) արվեստի եւ արվեստագետների շարժի եւ մշակութային ոլորտի հնարավորությունների ամրապնդման վրա,
գ) միջմշակութային երկխոսության վրա,
դ) մշակույթի քաղաքականությանն առնչվող երկխոսության վրա,
ե) «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի վրա, եւ
զ) այնպիսի միջազգային ֆորումներում համագործակցության վրա, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ մշակութային բազմազանությանը աջակցելու եւ մշակութային ու պատմական ժառանգությունը պահպանելու եւ արժեւորելու նպատակով։
ԳԼՈՒԽ 19
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՄԵԴԻԱ ԴԱՇՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 98
Կողմերը պետք է խթանեն համագործակցությունը տեսալսողական արդյունաբերության ոլորտում։ Համագործակցությունը պետք է ամրապնդի Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում տեսալսողական արդյունաբերությունը, մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստման եւ տեղեկությունների փոխանակման միջոցով։
ՀՈԴՎԱԾ 99
1. Կողմերը տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա քաղաքականությունների մասով պետք է մշակեն կանոնավոր երկխոսություն եւ համագործակցեն մեդիայի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ՝ Եվրոպական միության մեդիայի հետ կապերն ամրապնդելու համար՝ Եվրոպական ստանդարտներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» կոնվենցիային համապատասխան։
2. Համագործակցությունը, ի թիվս այլնի, կարող է ընդգրկել լրագրողներին եւ մեդիա դաշտի այլ մասնագետներին վերապատրաստելու, ինչպես նաեւ՝ մեդիա դաշտին աջակցելու հարցը։
ՀՈԴՎԱԾ 100
Համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի՝
ա) տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա քաղաքականությունների վերաբերյալ երկխոսության վրա,
բ) միջազգային ֆորումներում (ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ԱՀԿ-ն) համագործակցության վրա, եւ
գ) տեսալսողական արդյունաբերության եւ մեդիա դաշտում համագործակցության, այդ թվում՝ կինոյի ոլորտում համագործակցության վրա։

Շարունակելի…

 

 

 

ԱՆԵՐՁԱԳ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ Է ՓԵՍԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ մտերիմ ազգականներից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը Գալուստ եւ Արման Սահակյանների ընտանիքի հետ խզել է շփումները: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը Աշոտ Աղաբաբյանի քրոջ ամուսինն է:

Հանրային ընկալման մեջ Սահակյանների գերդաստանը այսօրվա դիրքին հասել է բացառապես Աշոտ Աղաբաբյանի շնորհիվ: Չէ՞ որ հենց Աղաբաբյանն է նախ Գալուստ Սահակյանի պաշտոնական առաջխաղացման հարցում օգնել, այնուհետեւ նպաստել է նրա որդիների կարիերայի աճին: Սակայն, ըստ լուրերի, տեւական ժամանակ է, ինչ Աղաբաբյանը չի շփվում քրոջ ընտանիքի հետ:
Հարցին` ինչու եք խզել Ձեր բարեկամական կապերը Սահակյանների ընտանիքի հետ, Աղաբաբյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է: Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է: Եւ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Ասեկոսեներ լսելով՝ չի կարելի զանգել եւ մարդուն նման հարց տալ»: Ապա «Ժողովուրդ» օրաթերթը Աղաբաբյանից հետաքրքրվեց նաեւ, թե որ փուլում է գտնվում «Հրազդան» մարզադաշտի վաճառքը: Հարցին ի պատասխան՝ Աղաբաբյանն ասաց. «Սպասում եմ, թե երբ մարզադաշտը կհանվի աճուրդի: Առաջիկայում կլինի»:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռեւս 2015 թվականին ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով: Աղաբաբյանը դատարանում վիճարկեց տուգանքի որոշումը: Սակայն անարդյունք: Ապա տոնավաճառը սնանկ ճանաչվեց, իսկ մարզադաշտը գրավադրվեց ՀՀ բանկերից մեկում: Բայց այս ամենի արդյունքում Աղաբաբյանը նեղսրտել էր կուսակցական ընկերներից, քանի որ նրանք ոչինչ չձեռնարկեցին՝ նրան այդ վիճակից հանելու համար: Իսկ հիմա Աշոտ Աղաբաբյանը մարզադաշտի գնորդներ է փնտրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ. նոյեմբերի 23-ին որոշում է ընդունել «Տավուշի մարզում 2017թ. ձմեռային զորակոչ կազմակերպելու մասին»: Որոշման մեջ նշված է 2017թ. ձմեռային զորակոչի մասին: Իրականում որոշումը վերաբերում է 2018թ. հունվարից Տավուշի մարզից ազգային բանակի զորակոչին: Այդ որոշման 3-րդ կետում ամրագրված է. «Առաջարկել Լոռու կայազորի զինվորական դատախազությանը (դատախազ` Ա. Զաքարյան…)»: 2017թ. հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Ի դեպ, հենց հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Կարեն Հարությունյանը:
Ավելին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում գործում է զորահավաքային նախապատրաստության բաժին, որը ղեկավարում է Գագիկ Մատինյանը, վերջինս նաեւ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղարն է: Ինչեւէ, ստացվում է, որ ո՛չ Գագիկ Մարտիրոսյանը եւ ո՛չ էլ Տավուշի մարզպետարանի այն պատասխանատուները, որոնք զբաղվում են մարզպետի որոշումները նախապատրաստելով, տեղեկացված չեն եղել, որ արդեն չորս ամսից ավել է՝ իրենց մարզը սպասարկող Լոռու կայազորի զինվորական դատախազը փոխվել է: Մարզպետն էլ է անտեղյակ կամ էլ որոշումները ստորագրում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Ի դեպ, այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը դեռեւս չենք ստացել: Փոխարենը նախօրեին տեղեկացանք, որ մարզպետը դեկտեմբերի 4-ին նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել իր նախորդ որոշման մեջ եւ «Ա. Զաքարյան» բառերը փոխարինել «Կ. Հարությունյան» բառերով:

 

 

ԿՈՅՈՒՂԻ ՉԿԱ, ՍԱԿԱՅՆ ՎԱՐՁ ԵՆ ԳԱՆՁՈՒՄ
Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է երկաթուղային «Այրում» կայարանի կոյուղագծի չգործելու, այնտեղ տիրող հակասանիտարական վիճակին: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ այդ գերատեսչությունը պետք է կազմեր երկաթուղային գծերի տակով ձգվող կոյուղագիծը վերագործարկվելու նախագիծը: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը եւս պետք է մասնակցեր այդ կոյուղագծերի վերագործարկման աշխատանքներին: Տարին ավարտվում է, սակայն կոյուղագծերի վերագործարկման աշխատանքները դեռեւս արված չեն: Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Այրում կայարանում գտնվող բնակելի թաղամասի բնակիչներից ամսական 180 դրամ վարձավճար է գանձում, որի 27 դրամը ջրահեռացման՝ կոյուղու ծառայությունների վարձն է: Այսինքն՝ չմատուցվող ծառայության դիմաց վարձավճար է գանձվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս