ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Ռուբինյանց 14 շենքի դիմաց ասֆալտը նստել է, եւ առաջացել են փորվածքներ: Այս ամենն անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում, սակայն վարչական շրջանի թաղապետարանից այդպես էլ որեւէ արձագանք չկա: Ի դեպ, փորվածքներն օր օրի մեծանում են: Հուսանք՝ այս անտարբերությունը երկար չի տեւի եւ մի գեղեցիկ օր բնակիչներին ողբերգական փաստի առաջ չի կանգնեցնի:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարո՞ղ են մուտք գործել Հայաստան: Եվ խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես ո՞ր դեպքերում օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի մուտք գործել Հայաստան:

Դիաննա Մելքումյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն: Միաժամանակ նշենք, որ օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ առանց փաստաթղթերի ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով:

 

 

ՀԱՐՑ. Մայրս` ծնված 1935 թվականին, ունի ավանդ իր անունով: Գրանցման համար դիմել ենք սոցիալական բաժին, սակայն տեղեկացրել են, որ այդ թվականի ծնված ավանդատուներին դեռ չեն գրանցում: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է նա գրանցվել որպես ավանդատու եւ ստանալ իր գումարը:

Թեգուշ Պետրոսյան (Բաշինջաղյան, 7-րդ փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թ թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Այս սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում եւ համապատասխան փաստաթղթեր: Նշենք, որ իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որեւէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:




Լրահոս