Կրքերը թեժանում են. ինչ «անակնկալ» են պատրաստել վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշման նախագծի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Համացանցում արդեն ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել` կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի դեմ:

Մշակվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը եւ վերահաշվառումը կամ այլ կերպ ասած՝ վաճառքը: Բողոքի երթի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանի հետ:

-Գեւո՛րգ, հայտնի է, որ վաղը նախատեսում եք բողոքի ավտոերթ անցկացնել` աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքի հետ կապված: Ձեր հիմնական բողոքն ինչի՞ դեմ է, եթե ամեն դեպքում աջ ղեկով ավտոմեքենաներ վարելը չի արգելվում:

-Վերահաշվառման դրույթի սահմանափակման դեմ է լինելու ակցիան, եւ հետագայում աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման հետ կապված: Հիմնականում այդ դրույթները, բայց ունենք բողոք նաեւ ներմուծման վերաբերյալ կամ առաջարկ: Ինչո՞ւ արգելել կամ ի՞նչ դրույքաչափ է դրվում մաքսազերծման հետ կապված:

-Ամեն դեպքում Հայաստանում ձախակողմյան երթեւեկություն է, եւ օրինաչափ է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը: Հստակ ի՞նչ առաջարկ ունեք:

-Օրինակ` Վրաստանում, որտեղ նույնպես փորձեցին արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, շատ ավելի ճիշտ քայլ արեցին: Թողեցին, որպեսզի աջ ղեկով ավտոմեքենաները շահագործվեն կամ վերահաշվառվեն, ուղղակի այնտեղ մաքսազերծման դրույքաչափը բարձրացավ: Ընդամենը այսքանը: Առաջարկում ենք Հայաստանում եւս այդպիսի կիրառում ամրագրել:

-Ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը: Ո՞ր երկրում ինչպե՞ս է հարցին լուծում տրվում:

-Այո՛, շատ: Եթե նայենք միջազգային փորձը, մեզ կասեն՝ մենք ունենք սպեցիֆիկ տարածաշրջան: Հիմնականում նայել ենք Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի փորձը: Բայց դա չի խանգարում նոր որոշում կայացնելու հարցում: Պարտադի՞ր է նայել, թե ինչ է փորձը ցույց տալիս, մյուսներն ինչպես են վարվում, որ դուք էլ նման կերպ վարվեք: Բա էլ ուր մնացին մեր փորձագետները, եթե պետք է քոփի անեն մնացյալ պետություններից:

-Առաջարկ ունե՞ք, որոնք ներկայացնելու եք կառավարությանը:

-Մեր մտահոգություններն ենք ներկայացնելու: Չենք թողնի եւ կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի վերահաշվառումն արգելող օրենք չլինի: Իսկ առաջարկը շատ պարզ է, պետք է ուղղակի բանակցություններ լինեն, եւ մեր առաջարկը կանենք, կկարողանանք կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալ եւ դրույքաչափի շուրջ համաձայնության գալ:

Դե, ինչպես հայտնի է՝ ով աջ ղեկով ավտոմեքենա ունի, ապրիլի 1-ից վերահաշվառումն արգելվելու է: Այսինքն` մարդը, եթե աջ ղեկով մեքենա ունի, ապրիլի 1-ից հետո այն չի կարող վաճառի: Կամ, ասենք, չվաճառի, նվեր տա ինչ-որ մեկին, կապ չունի, վերանվանելու իրավունք չկա: Մասնավոր սեփականություն է, եւ մարդ ինչպես ցանկանում է, այնպես էլ պետք է տնօրինի:

-Դուք հանդիսանում եք նախաձեռնության համակարգողը: Ովքե՞ր են լինելու ավտոերթի մասնակիցները:

-Նախաձեռնությունն ինքնաբուխ է ստեղծվել, մի քանի հոգով ենք նախաձեռնել: Անձամբ ես եմ բացել խումբը, հետո ընկերներս որոշեցին միանալ, հիմա բոլորով համակարգում ենք: Բոլորը կարող են գալ, ինչ-որ բանով օգնել:

-Ձեր բողոքն ամեն դեպքում ո՞ւմ դեմ է ուղղված՝ վարչապետի՞, թե՞ նախարարի: Ի վերջո, քաղաքական ենթատեքստ առկա՞ է, թե՞ ոչ:

-Բնականաբար քաղաքական ենթատեքստ չունի: Սա ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ առաջին հերթին հարված է գրպանին, եւ սոցիալական ինքնաբուխ հավաք-ավտոերթ է:

Մեր ակցիան ուղղված չէ ո՛չ վարչապետի, ո՛չ նախարարի դեմ: Եթե այս օրենքը փորձեին կիրառել Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին, եթե մենք լինեինք, էլի բողոքելու էինք: Ինչ-որ անհատ չկա, որի դեմ բողոքում ենք, ով ուզում է լինի, չեմ պատրաստվում հավելյալ 200 դոլար ծախսել, որովհետեւ նրանք այդպես են ցանկանում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս