Գինարբուք և ընդմիջումներ խորհրդարանում. կոալիցիան` «Ելք»-ի գերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իշխող կոալիցիայի ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները դարձել էին ԱԺ փոքրամասնության՝ «Ելք» խմբակցության պատանդը: Բանն այն է, որ երեկ խորհրդարանում քննարկման ենթակա նախագծեր չկային, եւ նիստը պետք է ավարտվեր նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո: Սակայն «Ելք» խմբակցությունը որոշել էր տարեվերջյան անակնկալ մատուցել իշխող կուսակցությանն ու այնպես անել, որ նրանց պատգամավորները մնան խորհրդարանում: Էլ երբ կարող էինք ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանին, Մանվել Գրիգորյանին, Աշոտ Արսենյանին, Արայիկ Գրիգորյանին, Արտակ Սարգսյանին եւ այլ «կոճակ» սեղմող պատգամավորներին մինչեւ 16:30 տեսնել խորհրդարանում` բացի երեկվանից:

Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ցանկացած խմբակցություն յուրաքանչյուր նախագծի քվեարկությունից առաջ ունի 20 րոպեով ընդմիջում վերցնելու իրավունք, եւ երեկ «Ելք» խմբակցությունը որոշել էր օգտագործել իր բոլոր իրավունքները: Եվ պատկերացրեք, թե յուրաքանչյուր հարմար պահի խորհրդարանից փախչող ՀՀԿ-ականներն ինչպես մինչեւ վերջ ստիպված էին մնալ խորհրդարանում, որպեսզի հնարավոր լիներ քվեարկությամբ անցկացնել պարտադրված նախագծերը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ պատգամավորները խորհրդարանում իրենց համար զբաղմունք գտան. յուրաքանչյուր 20 րոպեանոց ընդմիջմանը նրանք խմբեր էին ձեւավորում, գնում ինչ-որ մեկի սենյակ, որտեղից դուրս էին գալիս արդեն բարձր տրամադրությամբ եւ ալկոհոլի բույրով: Ու քանի որ ազգընտիրները պատանդ էին դարձել խորհրդարանում, ամեն պահն օգտագործում էին՝ նախատոնական բարձր տրամադրությունն ապահովելու համար:

Նկատենք, որ ՀՀԿ-ական պատգամավորների գինարբուքի հիմնական վայրը Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եւ Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Արսենյանի աշխատասենյակն էր. այնտեղ ընդմիջումներին այցելում էին պատգամավորների մեծ մասը, այդ թվում կոալիցիոն ՀՅԴ-ից: Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը 20 րոպե դադարը լսելուն պես շտապում էին գործարարների սենյակ:

Ընդմիջումներից մեկի ժամանակ էլ նույնիսկ ԱԺ մանկաբույժ նախագահ Արա Բաբլոյանը վայելեց Ավշարի բարիքներից, թերեւս որ սթրեսը հեշտ հաղթահարի: Լրագրողների համար նկատելի էր, որ աշխատասենյակի մոտակա տարածքում սուր խմիչքի բուրմունք էր տարածվում:

Հավելենք, որ բացի գինարբուքներ կազմակերպելուց` ՀՀԿ-ականները հավաքվում էին խորհրդարանի միջանցքներում՝ որոշելու, թե ինչ անեն, որպեսզի հետագայում «Ելք» խմբակցությունը չկարողանա նման քայլի դիմել: Ի վերջո, գտան ելքը, եւ դահլիճում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կանեն, որպեսզի այդ դադարներ վերցնելու իրավունքը վերանա:

Չնայած ՀՀԿ-ականների սպասողական սթրեսին, դեռ կատակում էին՝ նշելով, թե գնալ-գալով լավ կնիհարեն: Նրանց համար կյանքի հարց էր, որ այդ 20 րոպեների ընթացքում որեւէ օրենքի ընդունումը չտապալվի, եւ ընդդիմությունը հաղթանակ չտոնի:

Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար ընդմիջումներ հայտարարելու ժամանակ ՀՀԿ-ականները խնդրում էին ընդդիմությանը՝ դադարեցնել ակցիան: Օրինակ` Սեյրան Սարոյանը, դիմելով «Ելք» խմբակցության ղեկավարին, նշեց. «Բոլ ա, Նիկոլ ջան, խնդրում եմ, հերիքա»:

Սակայն Նիկոլ Փաշինյանն այդպես էլ տեղի չտվեց խնդրանքներին եւ մինչեւ վերջին օրենքը շարունակեց ընդմիջումներ հայտարարել:

Երեկվա զարգացումներն այնպես ընթացան, որ իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցությունն էլ «հավեսի ընկավ»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջ անցավ եւ վարման կարգով ձայն խնդրելով` ՀՅԴ խմբակցության անունից ընդմիջում վերցրեց:

Արդեն վերջին օրենքի քվեարկությունից հետո ԱԺ ամենակոլորիտային պատգամավոր Սեյրան Սարոյանը բոլորին ուրախ Ամանոր ցանկացավ՝ մաղթելով, որ շուն-կատվի պես իրարից չբաժանվեն:

Հավելենք, որ սա ԱԺ վերջին նիստն էր:




Լրահոս