Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունը հագեցած էր թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով:

Նախարար Լը Դրիանը ողջունեց հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը կնպաստի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը:

Նախարարները հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում կարողացել են ձևավորել առանձնաշնորհյալ հարաբերություններ և սերտ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Էդվարդ Նալբանդյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ միջխորհրդարանական կապերը, շուրջ վեց տասնյակ տեղական ինքնակառավարման մարմիններ ներառող ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներում փոխգործակցության ամրապնդումը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և նախատեսվող միջոցառումների շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց ծրագրվող ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման և ֆրանկոֆոն գործարարների ցանցի ստեղծման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի ինչպես Եվրամիության հետ բազմակողմ, այնպես էլ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ կարևորելով նախորդ տարի Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում և այս տարի Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:

Արտգործնախարար Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպումից հետո Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր երկու երկրների դիվանագիտական անձնակազմերի ընտանիքների կարգավիճակի մասին։




Լրահոս