Գագիկ Մելիքյանի փեսայի և Տավուշի մարզպետի հարաբերությունները լարվել են. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 2017թ. օգոստոսի 30-ի նիստում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի փեսային մի շարք հարցեր ուղղեց, որոնք ավելի շատ զայրույթ էին պարունակում: Նա անդրադառնալով «Սլովակիա» ՍՊԸ-ի կողմից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում գարեջրի, հոնի օղու գործարան շահագործելու չիրականացված ծրագրին` «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերյոժա Բարսեղյանին ասաց, որ վերջինս հանրապետության ղեկավարությանը նամակներ է ուղարկել, որոնցում նշել է, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն: Մարզպետը Ս. Բարսեղյանին հարցրեց` ինքը չի՞ օգնել նրան:

Ս. Բարսեղյանն ասաց, որ մարզպետն իրեն աջակցել է մինչեւ 2017թ. փետրվարը, երբ ծագել է Աչաջուր գյուղում «Սլովակիա» ընկերության կողմից ձեռք բերված հողամասում հանքային ջրերի գործարան գործարկելու հարցը, ջրի այդ ակունքին հավակնում է նաեւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը:

Մարզպետն ասաց, որ հողի ընդերքը շահագործելու թույլտվությունը Տավուշի մարզպետարանը չի տրամադրում, այլ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, նաեւ հայտարարեց, որ ինքը Ս. Բարսեղյանին աջակցել է Աչաջրում այդ հողատարածքը գնելու գործում: 2017թ. նոյեմբերի 5-ին Աչաջուր գյուղում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց գործարար, ՀՀԿ անդամ Կարեն Ղալթախչյանը:

Նա այդ պաշտոնում փոխարինեց 2013թ. համայնքը ղեկավարող Կամո Ղալթախչյանին: Կարեն Ղալթախչյանն ասաց, որ ներկայումս համայնքապետարանում հանձնման-ընդունման գործընթաց է կատարվում, որը կշարունակվի մինչեւ տարեվերջ:

Աչաջրի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, հողաշինարար Զաբելա Շաբանյանը հայտնեց, որ 2016թ. «Սլովակիա» ՍՊԸ-ն Աչաջրում ձեռք է բերել 3 հողակտորներ` ընդհանուր 2.7 հա մակերեսով, դրանք արոտավայրեր են: Այդ հողամասերից 6000 քմ ընկերությունը ձեռք է բերել վարձակալությամբ, մնացածը սեփականության իրավունքով, աճուրդով:

Խորհրդային տարիներին Իջեւանի հանքային ջրերի գործարանի օգտագործած ջրի ակունքը գտնվում է այդ հողամասերից մեկում: Հանքային ջրի աղբյուրն այնքան հզոր է, որ ջուրը շատրվանի նման ցայտում է գետնի տակից:

Աչաջրի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Ս. Բարսեղյանը 100 քմ տարածք, որի մեջ է գտնվում հանքային ջրի ակունքը, 2017թ. նվիրել է Աչաջուր համայնքին: Իջեւանի գինու, կոնյակի գործարանը 2017թ. ընթացքում մի քանի անգամ Աչաջրում հասարակական լսումներ է անցկացրել Աչաջրի հանքային ջուրն օգտագործելու վերաբերյալ: Զաբելա Շաբանյանն էլ հայտնեց, որ ամեն անգամ դրանց մասնակցել է Աչաջրի 20-25 բնակիչ: Կարելի է կարծել, որ հանքային ջրի հզոր ակունքին տիրելու հարցում «Սլովակիա» ՍՊԸ-ն զիջել է Իջեւանի գինու, կոնյակի գործարանին, որը պատկանում է Ատոմ Եգորյանին:

Նշենք, որ Սերյոժա Բարսեղյանը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի աղջկա ամուսինն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս