ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ Մոսկվայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, ունի մեկ պատասխանատու՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան: Ակնհայտ է, որ նախկինում եւս Հայաստանի պատգամավորները Մոսկվայի օդանավակայաններում մանրակրկիտ զննության, կամ նույնն է, թե ասել խուզարկության են ենթարկվել, սակայն, չգիտես ինչու, այդ մասին լռել են: Իսկ ինչն է այս պատմության մեջ ուշագրավը. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ մնացած 104 պատգամավորները ունեն դիվանագիտական անձնագրեր: Այսինքն՝ օդանավակայանի աշխատակիցներն իրավունք չունեին նրանց նկատմամբ նույն մոտեցումը դրսեւորել, ինչ ՀՀ քաղաքացու՝ սովորական անձնագիր ներկայացնողի նկատմամբ: ՀՀ դիվանագիտական անձնագիր ներկայացնող անձին ոչ ոք իրավունք չունի վերաբերվել որպես պոտենցիալ մաքսանենգի կամ ահաբեկչի: Եթե օտարերկրյա իրավապահները նման վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի դիվանագիտական անձնագրերի նկատմամբ, ապա այդ հարցը չի կարող անտեսվել: Հայաստանի հանրությունը պետք է իմանա, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, եւ արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ վերջին տարիներին ում պատահի՝ դիվանագիտական անձնագրեր են տրվել:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, փաստացի ընդունել է, որ ստեղծված իրավիճակը աննորմալ է: «Այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետեւ ընդհանուր առմամբ պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը»,- ասել է Քոչարյանը:

 

 

Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ԱԺ-ում երեկ ներկայացրեց ՎՊ 2018թ. գործունեության ծրագիրը: Ընդ որում, ԱԺ-ն այս տարի վերջին անգամ է հաստատելու ՎՊ ծրագիրը, քանի որ հաջորդ տարվա ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այդ կառույցն անվանվելու է հաշվեքննիչ պալատ, եւ գործունեության ծրագիրը հաստատելու է հենց պալատի խորհուրդը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ՎՊ-ն, ի թիվս այլ նախարարությունների, 2018թ. ստուգումներ է անցկացնելու նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Եւ սա այն դեպքում, երբ նույն այդ նախարարությունում պալատը ստուգումներ անցկացրել է նաեւ այս տարի: Պարզապես 2017թ. պալատն այդ նախարարությունում ստուգումներ է անցկացրել միայն հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնման, տեխնիկական միջոցներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելու ոլորտում: Հավանաբար այնպիսի փաստեր են ի հայտ եկել, որ որոշվել է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում համալիր ստուգումներ անել:

 

 

 

88-ի երկրաշարժից 29 տարի անց դեռեւս վերացած չեն աղետի հետեւանքները, ավելին` միայն Գյումրիում ավելի քան 2300 անօթեւան ընտանիք կա: «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ իշխանությունները մինչեւ հիմա չեն լուծել խնդիրները: «Իշխանությունը չի կարողացել կամ չի ուզեցել կամ արել է, բայց բավարար չի եղել»,- ասաց թեմի առաջնորդը: Միաժամանակ նա ասել է, թե ժողովուրդը պետք է թոթափի ծուլությունը, այլ ոչ թե նստի ու սպասի, նպաստի հույսին ապրի: «Այս հոգեբանությունն է այսօր իշխում շատերի մոտ: Գյումրիում դեռեւս կան չլուծված խնդիրներ, բայց հսկայական խնդիրներ էլ լուծված են, չնկատելը մեղք է: Ես տասնիններորդ տարին է՝ այս թեմի առաջնորդն եմ եւ չեմ կարող ասել, թե հիմա այն վիճակն է, ինչ այն ժամանակ: Հանցագործություն կլինի նման բան ասել, անհամեմատ առաջընթաց կա, բայց, անշուշտ, շատ ավելի կարող էր լինել առաջընթացը: Միակողմանի պետք չի նայել, թե միայն իշխանությունն է մեղավոր: Իշխանությունն իր մեղքի բաժինն ունեցել է, այժմ էլ գուցեեւ ընդունի, բայց մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք եւ գտնենք»,- ասել է Աջապահյանը:

 

 

 

Իրավապահ կառույցները վերջերս պարբերաբար խոսում են բնակարանային գողությունները բացահայտելու, եւ հատկապես գողոնը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Բայց նկատենք, որ այս առումով այդպես էլ որեւէ լուրջ տեղաշարժ չկա: Օրինակ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը 2011թ. ենթարկվել էր ավազակային հարձակման, նրա տանից գողացել էին բավական մեծ արժողության իրեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Ազիզյանն ասաց. «Ճիշտն ասած, ես հավատ չեմ ունեցել, հիմա էլ չեմ հավատում, հետագայում էլ չեմ հավատում, որ գողոնը կվերադարձնեն: Փորձեցին վերադարձնել ընդամենը մեկ ֆոտոապարատ՝ մի 30-40 հազար դրամանոց, բայց այնտեղ թվերով կար գրած, թե ինչեր էին տարել, ինչեր էին արել: Մի խոսքով, ինձ հավատ չի ներշնչում, որ մի օր այդ գողոնը կհայտնաբերվի»:

 

 

 

ԵՐԿՈՒՍՏԵՔ ԳՈՀ ԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեի երեկոյան հանդիպման մասին պաշտոնական լրահոսը բավական աղքատիկ էր: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման օրակարգում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործման ուղիների մասին հարցերն էին, եւ բացի այդ՝ ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել 2018թ. տարեսկզբին: Իսկ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը միայն նշել է հաջորդ տարի կայանալիք հանդիպման մասին՝ շրջանցելով փաստը, որ նախարարները քննարկել են գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու թեման: Չնայած սրան՝ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ իր հերթին երկուստեք իրենց գոհունակությունն են հայտնել կայացած հանդիպման վերաբերյալ: «Բանակցությունների ընթացքում կայացել են ինտենսիվ եւ կոնկրետ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կապակցությամբ առկա առաջարկների շուրջ»,- Մամեդյարովի կարծիքն է փոխանցել նրա խոսնակը` հավելելով, որ հանդիպումը գնահատում են «դրական եւ կառուցողական»:
Իսկ Նալբանդյանը Վիեննայում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում, բավական ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ նաեւ նշել է. «Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»: Չնայած այդ լավատեսական նոտային, Նալբանդյանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության` մինչեւ հիմա կարգավորված չլինելու պատասխանատվությունը բարդել է Ադրբեջանի վրա՝ նշելով, թե այդ երկրի անզիջողական եւ առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար եւ մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: «Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոյի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ՝ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս քվոյի փոփոխմանը: Ադրբեջանի մտադրությունները հստակ երեւում են իր իրականացրած ծախսերից»,- ասել է Նալբանդյանը բավական ծավալուն ելույթում:
Մնում է` կողմերն իսկապես ձեռնամուխ լինեն հակամարտության լուծման, այլապես ստացվում է` հրապարակային հայտարարություններում ուրիշ բան են ասում, գործնականում՝ այլ կերպ իրենց պահում:




Լրահոս