ԱՌԱՆՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup International Association կազմակերպությունը սոցիոլոգիական հարցում է ներկայացրել, որի համաձայն՝ վերջին ամիսներին Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինը, հակառակը, աճում: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանի վարկանիշը, անցած տարվա համեմատ, գրեթե 30 տոկոսով նվազել է:

Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, թե միշտ թերահավատորեն է վերաբերվում հարցումներին եւ կարծիք հայտնել, թե անփոխարինելի մարդիկ չկան, եւ Կարեն Կարապետյանն էլ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: «Անփոխարինելի անձինք չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել»,- նշել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության հնաբնակներից պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում սոցիոլոգիական հարցման արդյունքներին, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրենց համար շարունակում է անփոխարինելի մնալ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյան

-Պարո՛ն Սահակյան, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել, իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ աճել, հավատո՞ւմ եք այդ տվյալներին:
-Ես կարծում եմ՝ բոլորիս վարկանիշների մասին կարելի է խոսել, բայց նախագահի վարկանիշի մասին պետք է չխոսվի, որովհետեւ նա առանձնահատկություն է այն տեսանկյունով, որ մասնակցել է Հայաստանի՝ դեպի ապագա տանող բոլոր ճանապարհների կառուցմանը:
-Կարեն Կարապետյանի վարկանիշի առումով անկման հիմքեր տեսնո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որովհետեւ օր ու գիշեր աշխատում է, եւ պետք է վարկանիշը լավ լինի:
-Օրինակ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ անփոխարինելի անձինք չկան, եւ Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Ձեզ համար Սերժ Սարգսյանին կարելի՞ է փոխարինել:
-Գիտեք, անփոխարինելի մարդիկ չեն լինում: Մեր ներկա իրավիճակում, առաջիկայում՝ 2018 թվականին, բնականաբար, երկրի հիմնական ղեկը կլինի Սերժ Սարգսյանի ձեռքում:
-Ստացվում է՝ ամեն դեպքում անփոխարինելի՞ է:
-Ոչ թե անփոխարինելիություն, այլ քաղաքական նախապայմանն այսօր այդպիսին է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան

-Պարո՛ն Մելիքյան, հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել, ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:
-Ես կարծում եմ, որ պատճառը հիմնականում պետք է փնտրել ժողովրդի մեջ՝ լավը տեսնելու սպասողականության՝ ավելի արագացված տեմպերի ցանկություն: Սակայն ես կարծում եմ, որ աշխատանքներ ծրագրային՝ նպատակներն իրականացնելու համար, կատարվում են, եւ այդ աշխատանքները բավականին բարձր մակարդակով են իրականացվում, եւ կարծում եմ, որ դրանց արդյունքները պետք չէ շտապողականության դաշտում փնտրել: Ես կարծում եմ, որ դրանք իրենց արդյունքները կունենան առաջիկայում: Ընդհանրապես տնտեսության մեջ առաջընթացը շատ արագ տեմպերով հնարավոր չէ իրականացնել: Դրանք գործընթացներ են, որ իներցիայով չեն կատարվում: Գործընթացներ են, որ բավական հետեւողական աշխատանքների արդյունք կարող են միայն լինել եւ երկարաժամկետ գործընթացների ձեւաչափով:
-Նույն հարցումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ աճել է: Կարծիքներ կան, որ այսպես հող է նախապատրաստվում Սերժ Սարգսյանի՝ 2018-ին վարչապետ դառնալու համար:
-Ի՞նչ է նշանակում՝ բարձրացել է, եւ ի՞նչ է նշանակում՝ հող է նախապատրաստվում: Ես կարծում եմ, որ բարձրացել է, այլ ոչ թե հող է նախապատրաստվում: Ո՛չ, նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է, եւ համոզված եմ, որ առաջիկայում նույնպես բարձրանալու է: Դա կատարված աշխատանքների արդյունքն է, ժողովուրդը ընդունում է եւ համապատասխան գնահատականը տալիս է: Դա աշխատանքների արդյունք է:
-Օրինակ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ անփոխարինելի անձինք չկան: Համակարծի՞ք եք, թե՞ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
-Ինձ համար Սերժ Սարգսյանն իմ հանրապետության նախագահն է, իմ կուսակցության նախագահն է, եւ ինքը պետք է լինի քաղաքական գործընթացների գագաթնակետում: Որոշումները կկայացվեն կուսակցությունում քննարկումների ընթացքում, երբ կգա ժամանակը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան


-Պարո՛ն Նիկոյան, հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքներով վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես:
-Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շարունակում է մնալ բարձր, եւ դա արդյունք է նրա վարած տնտեսական քաղաքականության: Որեւիցե հարցում չի կարող իդեալականորեն բնութագրել կոնկրետ այն հարցման թեման, ինչի նկատմամբ կատարվում է: Եվ հարցումն էլ կարող է ցանկացած ժամ կամ օրվա դրությամբ փոփոխության ենթարկվել: Ընդհանուր առմամբ հարցումներին վստահում եմ, բայց այն, որ Կարեն Կարապետյանը շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, միանշանակ է:
-ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Համակարծի՞ք եք:
-Կգա օրը, այդ մասին Դուք կիմանաք: Հազար անգամ Ձեզ ասվել է՝ իրադարձություններից առաջ մի՛ ընկեք: Մեր պետությունն ունի շատ ավելի լուրջ խնդիրներ այս պահին, քան քննարկել՝ ինչ պետք է լինի ապրիլին: Դուք սպասեք, այդ օրը կիմանաք:

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԵՆՔԻՆ

Ընտանիքում բռնության կանխարգելմանն առնչվող աղմկահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: Խորհրդարանը ձայների 73 կողմ, 12 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Ուշագրավ է, որ թեեւ իշխող Հանրապետական խմբակցությունից որեւէ մեկը դեմ չքվեարկեց, բայց խմբակցության անդամներից ոմանք պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց թվում էր պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով սուր քննադության ենթարկեց օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի քվերակությանը չմասնակցեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ երգչուհի Շուշան Պետրոսյանը, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու Միհրան Հակոբյանը:
Մինչդեռ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ավելի համարձակ գտնվեցին՝ դեմ քվեարկած բոլոր 12 օրենսդիրներն էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության անդամներ են: «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքին դեմ քվեարկեցին Վարդան Բոստանջյանը, Իվետա Տոնոյանը, Հակոբ Նազարյանը, Նապոլեոն Ազիզյանը, Տիգրան Ստեփանյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Մերուժան Սիմոնյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, պատճառաբանելով օրենքին դեմ քվեարկելը, ասաց. «Կա՞ մի նորմալ մարդ, որը կողմ լինի, որ ընտանիքում կանանց, երեխաների բռնություն լինի: Բայց ամեն դեպքում ընդունելի էլ չէ՝ եթե դու դաստիարակչական նպատակներով բարձր խոսես քո երեխայի հետ, ու հանկարծ քեզ դատի տան»:
Նա նկատեց՝ եթե օրենքը պետք է մնա թղթի վրա, ապա օրենքի անհրաժեշտությունն ինչո՞ւմ է: «Բաներ կան, որ ուղղակի հարիր չէ մեզ: Փաստորեն ոստիկանության աշխատողը պետք է մտնի այդ ընտանիքի հարաբերությունների մեջ: Բայց բռնությանը կտրականապես դեմ եմ, թուլությունից է, որ տղամարդիկ ձեռք են բարձրացնում իրենց կանանց վրա: Բայց քո երեխայի հետ բարձր խոսելը, հետո ճանաչեն, որ դու բռնանում ես քո երեխայի նկատմամբ, դա սխալ է: Իմ տղան քառասուն տարեկան է, բայց ժամը տասնմեկն անցավ, ես պետք է զանգահարեմ, իմանամ՝ որտեղ է: Ես այդ ամեն ինչը նորմալ ընտանիքի դաշտում եմ տեսնում», – պարզաբանեց Գրիգորյանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՊԱԿԱՍ Է ՎԱՃԱՌԵԼ
Հայկական ատոմային էլեկտրակայանը այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2 մլրդ 452 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ՀԱԷԿ-ը 2015 թվականի երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 6 մլրդ 767 մլն դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 5 մլրդ 992 մլն 490 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում հարկային վճարումները կազմել են 8 մլրդ 445 մլն 341 հազար դրամ: Սրան զուգահեռ, նկատենք, որ ընկերության՝ 2015 եւ 2016 թվականներին վաճառած հոսանքի շրջանառության տարբերությունը գրեթե նույնն է եղել: Բայց 2017 թվականին ՀԱԷԿ-ը վաճառած հոսանքի դիմաց ստացած եկամուտները մոտ 3 մլրդ դրամով պակաս են եղել: Ըստ այդմ, պետք է նվազեին նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը: Ենթադրվում է, որ ընկերությունը անցած տարվա երրորդ եռամսյակում իր հարկային պարտավորությունները արհեստական մեծացրել է` պայմանավորված ստացած ռուսական արտահանման 270 մլն դոլար վարկով:

 

 

ՊԵՏԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետին՝ Արմեն Սողոյանին, փորձում են կալանքից ազատել, սակայն դեռեւս փորձերն անցնում են ապարդյուն: Նշենք, որ Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, եւ նա գտնվում է կալանքի տակ: Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը մերժել է պաշտպանի բողոքը:

 

 

 

ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ
Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ժամանակ առ ժամանակ ընդունել մարզպետներին, ովքեր ներկայացնում են հանձնարարականների կատարման ընթացքը: Երեկ էլ հերթը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանինն էր: Ու հետաքրքիրն այն է, որ վարչապետը, թեեւ խոսել է դրական առաջընթացի մասին, բայց եւ աղբահանության արդյունքները դարձյալ բավարար չի համարել եւ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա այդ հարցին: Այլ կերպ ասած՝ Սյունիքի մարզպետից էլ է դժգոհ:

 

ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ԱԺ-ն երեկ ընդունեց 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Քվեարկության պատկերը, իհարկե, սպասելի էր. կողմ էին միայն իշխող կոալիցիայի անդամներ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները դեմ էին: Բյուջեն ընդունվեց 64 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամիսներ առաջ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը եւս ընդունվեց գրեթե նույն պատկերով՝ 64 կող, 31 դեմ: Այն ժամանակ էլ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ էին, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները՝ դեմ:




Լրահոս