ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Այս վթարի հեղինակը կա՛մ սկսնակ վարորդ է եղել, կա՛մ պարզապես չի կարողացել վերահսկել իրավիճակը: Փաստ է, որ վթարի հետեւանքով վնասվել է մայրաքաղաքի գույքը՝ հատկապես Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված «թանկարժեք» աղբամանը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ալիմենտի վճարման չափը ի՞նչ կարգով է որոշվում: Ինչպե՞ս է վճարվում ալիմենտը:

Լաուրա Մելքոնյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ալիմենտային պարտավորությունները կիրառվում են ծնողների, երեխաների, ամուսինների, տատիկների ու պապիկների եւ այլ անձանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները կարգավորող իրավահարաբերությունների վրա: Ալիմենտային պարտավորություններ ունեցող կողմերը կարող են արտադատական կարգով համաձայնագիր կնքել ալիմենտների վճարման, դրանց չափի, վճարման կարգի եւ այլնի մասին: Նշենք նաեւ, որ ալիմենտի չափը մեկ երեխայի համար կարող է կազմել աշխատավարձի մեկ քառորդը, երկու երեխայի համար՝ մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխայի համար՝ եկամուտի կեսը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երեխայի համար ալիմենտը վճարվում է մինչ նրա չափահաս դառնալը, բացառություն է ուսումը շարունակող չափահաս երեխայի համար վճարվող ալիմենտը, ինչի համար եւս անհրաժեշտ է հայցով դատարան ներկայանալ:

 

 

 

ՀԱՐՑ. Մեր ընտանիքը ստանում էր ընտանեկան նպաստ: Ընտանիքի անդամներից մեկն անցել է աշխատանքի: Խնդրում եմ պարզել՝ դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ նպաստից կտրվելու համար: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նորից վերականգնվի նպաստը:

Լարիսա Վարդանյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2017թ. հունվար ամսին սոցիալական աջակցության բաժին ներկայացված տվյալներով՝ ընտանիքի անապահովության միավորը եղել է 31.10, եւ ընտանքիը մինչեւ 2017թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ ստացել է ընտանեկան նպաստ՝ 23.500 դրամ:
2017թ. սեպտեմբերին ընտանիքի տվյալներում կատարված փոփոխության արդյունքում ընտանիքի անպահավության միավորը նվազել է եւ դարձել 28.42, որը ցածր է ընտանեկան նպաստ նշանակելու համար ՀՀ կառավարության սահմանած անապահովության սահմանային մեծության միավորից, եւ ընտանիքը 2017թ. հոկտեմբեր ամսից կորցրել է ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը:
Անապահովության սահմանային մեծությանը հավասար կամ ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անպահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելու լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնության տրամադրման խնդրով խորհուրդ է տրվում դիմել սոցիալական աջակցության տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով՝ երեք ամիս ժամկետով:




Լրահոս