Սոցապնախարարության բաժնի պետի հետ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. անգամ խառնվել են մյուսները

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունն այնքան է նյարդայնացրել ՀՀ քաղաքացիներին, որ մարդիկ ստիպված են եղել աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորել:

Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետի հետ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:

Անցնող տարվա մայիսի 24-ին Սամվել Նահապետյանը գնացել է Երեւան քաղաքի Արամի փողոցում գտնվող կառավարության 3-րդ մասնաշենք՝ ըստ էության իր դիմումի պատասխանը ստանալու համար: Պատասխանը չի բավարարել քաղաքացուն, ու Սամվել Նահապետյանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի միջեւ վիճաբանություն է սկսվել:

Միջադեպին խառնվել են նախարարության մյուս աշխատակիցները: Արդյունքում` Սամվել Նահապետյանը այն աստիճան է հունից դուրս եկել, որ պատռել է ձեռքում առկա թուղթը եւ նետել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի երեսին:

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Սամվել Նահապետյանը անգամ ձեռքում պատռած թուղթը պետի երեսին նետելուց հետո, ըստ նախաքննության տվյալների, շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին:

Կատարվածից հետո Սամվել Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի` խուլիգանություն: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան սպառնում է տուգանք կամ կալանք մինչեւ 1 ամիս ժամկետով:

Նկատենք, որ սոցապնախարարության աշխատակցի անտարբեր վերաբերմունքից վրդովված քաղաքացին ընդամենը թուղթն է նետել նախարարության աշխատակցի ուղղությամբ՝ նրա նկատմամբ բռնություն չգործադրելով: Բայց ՀՀ ոստիկանությունն ու վերահսկող դատախազությունը անմիջապես քաղաքացու նկատմամբ մեղադրանք են առաջադրել՝ խուլիգանության հատկանիշներով:

Բայց երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արշատես Գեղամյանը Ազգային ժողովում բռունցքներով հարձակվել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա, իրավապահները գործին ընթացք չտվեցին՝ նշելով, թե բողոք չեն ստացել:

Չմոռանանք նշել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր՝ իր վրա հարձակվել են: Ահա թե ինչպես է օրենքը հասարակ քաղաքացու դեպքում գործի դրվում, իսկ իշխանության ներկայացուցիչների դեպքում՝ ոտնատակ արվում:

Քնար Մանուկյան