Ներքին խմորումներ. կոալիցիայում «Ծառուկյան» խմբակցության համար ազատ տեղ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքում (կամ որ նույնն է` ԲՀԿ-ում) այս օրերին շատերն ընկճախտի մեջ են հայտնվել: Պատճառը խորը հուսախաբությունն է: Մինչեւ վերջերս «Ծառուկյան» դաշինքում շատերը համոզված էին, որ 2018թ. ապրիլից հետո իրենք վերջապես դուրս կգան «հնգամյա ընդդիմադիր գերությունից», եւ կդառնան իշխող կոալիցիայի անդամ` ստանալով երեք փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նաեւ մի քանի նախարարական պորտֆելներ:

Սակայն ՀՀԿ-ում որոշել են «հին ընկերներին չդավաճանել» եւ իշխանությունից բաժին հանել միայն կոալիցիոն ներկա գործընկեր ՀՅԴ-ին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ն հենց առաջին դեմքով հասկացրել է` ապագա կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի համար «ազատ տեղ չկա», եւ որ իրենք այդքան պորտֆել չունեն (այս դեպքում ՀՀԿ-ն ստիպված է լինելու բաժին հանել իր ունեցածից, քանի որ ՀՅԴ-ին այսպես, թե այնպես, քիչ տեղ է տրված):

Եվ հետո` ՀՀԿ-ից հասկացրել են, որ եթե «Ծառուկյան» դաշինքը եւս իշխանության մաս կազմի, խորհրդարանում բավական տխուր պատկեր կարող է ստեղծվել.

ընդդիմադիր դիրքերից հանդես կգա միայն «Ելք» խմբակցությունն իր 9 պատգամավորով: Իսկ ԵՄ-ի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրած, ժողովրդավար ձեւացող իշխանությունը չի ցանկանում, որ խորհրդարանում ընդդիմությունը լինի փոքրաքանակ` ընդամենը մեկ խմբակցությամբ: Այնինչ` «Ծառուկյան» դաշինքի` ընդդիմադիր դաշտում մնալու դեպքում կստացվի, որ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է պատկառելի թվաքանակով` 40 հոգի, իշխանական 65-ի դիմաց:

Եւ հետո` «Ծառուկյան» խմբակցության՝ ընդդիմադիր դաշտում մնալն իրենց ոչնչով չի խանգարի: Միեւնույն է` անգամ «Ելք»-ի հետ համագործակցելով` նրանք ԱԺ-ում որեւէ հարց չեն կարողանա լուծել. կոալիցիոն կուսակցությունների քվեները բավարար են` ե՛ւ սահմանադրական, ե՛ւ հասարակ օրենքներն անհրաժեշտ ձայներով անցկացնելու համար: Իսկ եթե արտառոց իրավիճակ ստեղծվի, միշտ էլ կգտնվեն պատգամավորներ, որոնք «միամտաբար» կապահովեն անհրաժեշտ քվեները. Սերժ Սարգսյանն այս խմբակցությունում եւս ունի իր դրածոները: Այնպես որ, ստեղծված իրավիճակն իշխանություններին բավարարում է լիուլի:

Բայց այս հեռանկարը «Ծառուկյան» դաշինքում ընկճախտի պատճառ է դարձել, քանի որ այնտեղ շատ-շատերն այդպես էլ չեն կարող համակերպվել ընդդիմադիր կարգավիճակի հետ, քանի որ տարբեր թելերով կապված են իշխանություններին, նաեւ տարբեր ոլորտներում բիզնես են անում:

Եւ բացի այդ` իրենք քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր են որոշակի պահերի, որոշ անձանց դեպքում, որոշ թեմաների շրջանակներում, եւ առաջիկա հինգ տարում իշխանության ղեկը ստանձնելու որեւէ հեռանկար չունեն, հետեւաբար ճիշտ կլինի միանգամից նաեւ կոալիցիայի անդամ դառնալը: Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքում այս թեւը նախկինում էլ փորձել է դեպի իշխանության գիրկը տանել ԲՀԿ-ին` պնդելով կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որը նշեց. «Ինչ-որ միջանցքային խոսակցություններ եք ասում, որը ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Մենք պետք է կարողանանք մեր սեփական քաղաքական կուրսը վարել եւ իրականացնել` ընտրողների պահանջները բավարարելու համար»:

Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու հեռանկարին, Ուրիխանյանն ասաց, թե իրենք այս պահին նման հարց չեն քննարկում. «Մեր առջեւ դրված միակ եւ հիմնական նպատակն ընտրողների խնդիրները բարձրացնելն ու լուծելն է, մեր ընտրողների ակնկալիքները բավարարելն է, մեր ընտրողների եւ երկրում ապրողների կյանքի` իրենց համար տեսանելի որակ ապահովելն է: Կառավարության ձեւավորումը` կոալիցիոն, թե որեւէ այլ ձեւաչափով, ինքնանպատակ լինել չի կարող: Սա հիմնական եւ անշեղ թեզ է, որ միշտ ենք արտահայտել: Եթե երբեւէ կլինի այնպիսի իրավիճակ, որ մեր ընտրողը մեր ուրույն սեփական քաղաքական կուրսի իրականացումից կշահի, եւ եթե մեր ընտրողներն իրենց համար տեսանելի փոփոխություն կարող են ունենալ, ապա պատրաստ ենք քննարկել այդ հարցերը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս