Ի՞նչ կանեին իշխանությունները, եթե դեմփինգի մեջ մեղադրվեր ոչ թե ռուսական, այլ օտարերկրյա ուրիշ կազմակերպություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղավիացիայում տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուս բոլոր ոլորտներից. արտաքուստ տպավորություն է, թե վերջին մեկ տարում աճ է արձանագրվել, բայց իրականում, այս ոլորտը եւս անմխիթար, կարելի է ասել` շատ անմխիթար վիճակում է:

Սակայն քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը երեկվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց առաջընթացի մասին ցուցանիշներ, երկար-բարակ խոսեց ապագա ծրագրերից: Ընդ որում, խոսեց նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասին` պնդելով, թե այնտեղ ներդրումներ են իրականացվելու. ենթակառուցվածքային բարեփոխումների համար մոտ 840 մլն դոլարի պայմանագիր է կնքվել կապալառու կազմակերպությունների հետ:

Բայց մինչ Սերգեյ Ավետիսյանն այսպես ոգեւորված թվարկում էր իրենց ձեռքբերումները, հայտնի դարձավ` Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ իրականացնող «Տարոն-Ավիա» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը: Ավիաընկերության սեփականատիրոջ` Գառնիկ Պապիկյանի վստահեցմամբ` իրենք գործունեությունը դադարեցնում են ժամանակավորապես, մինչեւ գարուն: Իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ ռուսական «Պոբեդա» ընկերությունը դեմփինգային քաղաքականություն է իրականացնում. ավելացրել է դեպի ՌԴ չվերթները` կտրուկ նվազեցնելով սակագինը, եւ նման պայմաններում աշխատելն իրենց ձեռնտու չէ:

Միայն թե իշխանություններն այդպես էլ չեն փորձում միջամտել կատարվածին ու գոնե ուսումնասիրել «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատիրոջ հայտարարությունը` դեմփինգի մասին: Ի վերջո, Հայաստանում հակադեմփինգային օրենք կա, որն էլ համապատասխան կարգավորումներ է սահմանում նման իրավիճակում:

Փոխարեն քաղավիացիայի վարչության պետը երեկ փորձում էր հիմնավորել, որ «Տարոն-Ավիայի» համար փոխադրումներ իրականացնելը ձեռնտու չէ տնտեսապես` շրջանցելով դեմփինգի մասին պնդումները:

«Այս պահին «Տարոն-Ավիայի» կողմից որոշ չվերթների մասով ունենք կասեցում՝ կապված ձմեռային հունվար եւ փետրվար ամիսների ցածր պահանջարկի հետ, սա կոմերցիոն սկզբունքների վրա հիմնված որոշում է, որն ընդունված պրակտիկա է, քանի որ դատարկ օդանավ տեղափոխել ա կետից բ կետ ոչ մեկի համար տրամաբանական չէ»,- ասել է նա:

Հետաքրքիր է, եթե դեմփինգ իրականացնելու մեջ մեղադրվեր ոչ թե ռուսական, այլ միանգամայն ուրիշ կազմակերպություն, իշխանությունները կրկին ձեռքերը ծալած կնստեի՞ն, թե՞ կփորձեին միջամտել եւ լուծել խնդիրը:




Լրահոս