Գործողություն 7. Ազգային վերահսկողություն հաստատել ռազմավարական ենթակառույցների և օբյեկտների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի խմբագրություն, խնդրում ենք հրապարակել Վարուժան Ավետիսյանի Ապագաղութացում շարքի վերջի հոդվածը՝ Գործողություն 7. Ազգային վերահսկողություն հաստատել ռազմավարական
ենթակառույցների և օբյեկտների նկատմամբ։
Հարգանքով՝ Ս․Սիմոնյան

Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ
Գործողություն 7. Ազգային վերահսկողություն հաստատել ռազմավարական ենթակառույցների և օբյեկտների նկատմամբ

Ռուսաստանը, հավատարիմ մնալով Հայաստանն ամեն առումով ինքնուրույնությունից զրկելու և ենթակա օբյեկտի վերածելու իր գաղութատիրական ծրագրին, արդեն հասցրել է նաև գրեթե լիակատար վերահսկողություն հաստատել մեր տնտեսության ռազմավարական բաղադրիչի նկատմամբ:
Այդ վերահսկողությունը ծառայեցվում է առավելապես սպառողական նշանակության (օրինակ՝ էներգետիկա, կապ, երկաթուղի) ռազմավարական ենթակառույցները և ռուսական կապիտալի (պետական և մասնավոր) սեփականությունը դարձնելու կամ նրա կառավարման տակ առնելու միջոցով հայկական ազգային կառավարման, ասել է թե՝ ազգային կամքի տիրույթից դուրս բերելու, իսկ դրանց արտադրական նշանակություն ունեցող մասն այդպիսով նաև սառեցնելու-պահածոյացնելու (ինչպես, օրինակ՝ «գույք՝ պարտքի դիմաց» զավթողական գործարքով խլվածի մեծ մասը) և մեր տնտեսության զարգացումը, դիվերսիֆիկացումը, նորացումը, առհասարակ՝ նորի ստեղծումը խափանելու միջոցով Հայաստանը տեխնոլոգիական ու արդյունաբերական հեռանկարից զրկելու զույգ նպատակներին:
Միևնույն ժամանակ՝ այս նպատակների իրագործման համատեքստում և դրա շնորհիվ նաև ամրապնդվում է տնտեսության մնացյալ հատվածին իշխող քրեաօլիգարխիկ-մենաշնորհային համակարգը՝ գաղութային վարչակազմի տնտեսական հենքն ու հիմնական տնտեսական գործիքը:
Անշուշտ, հարկ է նկատի ունենալ, որ ռուսական կապիտալի սեփականության կամ կառավարման ներքո գտնվող և գործող ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները (օրինակ՝ կապի, երկաթուղու, էներգետիկայի ոլորտներում) նույնպես չունեն նորացման ու զարգացման հեռանկարային նպատակ, քանի որ ընդամենը նախատեսված են սպառվող Հայաստանի սպառողական նվազագույն կարիքները բավարարելու ժամանակավոր ու վերջավոր խնդիրը լուծելու համար:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և տնտեսական ապագա ունենալու ուրիշ տարբերակ չկա, քան ազգայնացնել կամ այլ ձևով ազգային վերահսկողության տակ առնել ռուսական կապիտալին սեփականության իրավունքով տրված կամ նրա կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները:
Ընդ որում՝ ազգային վերահսկողություն պետք է հաստատվի ոչ միայն ռուսական պետական, այլև մասնավոր կապիտալին հանձնված ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ, քանի որ Ռուսաստանի նման բռնապետական երկրում մասնավոր կապիտալը նույնպես ծառայում է նրա մեծապետական շահերին:
Զուգահեռաբար՝ հարկ կլինի ապամենաշնորհման, այլ արտաքին կապիտալի ներգրավման և նոր կարողությունների ստեղծման միջոցով դիվերսիֆիկացնել ու զարգացնել տնտեսության ռազմավարական ճյուղերը (էներգետիկա, կապ, տրանսպորտ, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերության քարշակային ուղղություններ և այլն):
Սա Հայաստանի (Արցախը ներառյալ) տնտեսության ապագաղութացման և նրա զարգացման հնարավորությունների ստեղծման համազգային ռազմավարական առաջադրանքն է, որը գաղութային վարչակազմին հեռացնելուց հետո պետք է դառնա Նոր Հանրապետության Անցումային կառավարության ծրագրի գերակայություններից մեկը i :
———————————————————–
i.Ապագաղութացումը վերաբերվում է նաև օտարերկրյա այլ պետությունների սուբյեկտներին հանձնված ռազմավարական ենթակառույցներին և օբյեկտներին, որոնք նույնպես պետք է ազգայնացման կամ այլ եղանակով ներառվեն ազգային վերահսկողության տակ։ Սակայն սույն հոդվածի բովանդակությունից դուրս լինելու պատճառով ապագաղութացման այդ բաղադրիչը հոդվածում չի դիտարկվում։




Լրահոս