ՖՈՏՈ. «Սասնա ծռերի» աջակիցները փակել էին Մաշտոցի պողոտան. ինչ տեղի ունեցավ այսօր

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակով մտահոգ ցուցարարներն այսօր մի քանի րոպեով փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան:

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։

Ցուցարարների այս գործողությանը նախորդել էր նրանց հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանի հետ: Թաթոյանը հայտարարել էր, որ օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող Բիլյանի և Բարսեղյանի առողջական վիճակի խնդիրը գտնվում է իր աշխատակազմի ուշադրության կենտրոնում, պարզաբանումների համար դիմել են նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: