Մահացել է հայ ամենատիտղոսավոր բասկետբոլիստը

«Արմենպրեսսը» գրում է, որ քառասուն օր առաջ Կանադայում իր մահկանացուն կնքեց ամենատիտղոսավոր հայազգի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը։ Արմենակ Ալաջաջյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947-ին հայրենադարձվել է հայրենիք։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, սկսել հանդես գալ Ֆիզկուլտինստիտուտի ՖԻՄԱ բասկետբոլային թիմում և … նվաճել բասկետբոլի աշխարհի համակրանքը՝ արժանանալով բազմաթիվ տիտղոսների, մեդալների ու գավաթների։

… Արմենակ Ալաջաջյանը որպես բասկետբոլիստ կայացավ և փայլեց Մոսկվայի ԲԿՄԱ թիմում, ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ Նա ութ անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, չորս անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթը, արժանացել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի։

Փայլել է նաև որպես մարզիչ՝ մարզելով հարազատ ԲԿՄԱ թիմը։ Նա կրում էր Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետի և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները։  Հիրավի, հազվադեպ երևույթ էր Արմենակ Ալաջաջյանը բասկետբոլում։ Իսկական կախարդ էր խաղահրապարակում։ Նրա անկանխատեսելի քայլերը հաճախ խուճապ էին առաջացնում մրցակցի բանակում։ Նրա խաղը հիացմունք էր պատճառում ոչ միայն մարզասերներին ու մասնագետներին։

Նրան բարձր էին գնահատում նաև մրցակից թիմերի խաղացողներն ու մարզիչները։ Դրա վառ վկայությունն էին այն ջերմ ծափողջույնները, որոնցով Արմենակին դիմավորում էին անգամ մրցակցի դաշտում։ Բերեմ հիշարժան մի դեպք, որը տեղի ունեցավ 1964 թվականին Մոսկվայում՝ ԽՍՀՄ և ԱՄՆ ազգային հավաքականների հանդիպման ժամանակ։ Ալաջաջյանը մի հնարանք կատարեց, որը տարիներ առաջ կատարել էր Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ» թիմում խաղալու ժամանակ, բայց նման մակարդակի հանդիպումներում երբեք չէր կիրառել։

Եղավ մի պահ, երբ նրա բոլոր խաղընկերները «փակված էին», խաղը շարունակելու ոչ մի ելք չկար։ Այդ ժամանակ Արմենակը գնդակը նետեց դեպի մրցակցի վահանակը և մինչ զարմացած մրցակիցները հետևում էին գնդակի թռիչքին, առաջինն ինքը հասավ գնդակին և այն անմիջապես փոխանցեց արդեն հարմար դիրքում հայտնված խաղընկերոջը։ Ամերիկացիների մարզիչ Ջոն Մակլեդոնը երկար հոտնկայս ծափահարում էր Արմենակին, իսկ մրցակից թիմի պահեստային խաղացողները, որոնք խաղադաշտ էին դուրս գալիս, առաջին հերթին մոտենում էին Արմենակ Ալաջաջյանին, սեղմում նրա ձեռքը կամ խփում ուսին՝ այդպիսով արտահայտելով իրենց
հիացմունքը նրա հնարամիտ հնարքի նկատմամբ։

Արմենակ Ալաջաջյանը աչքի էր ընկնում իր կայծակնային արագությամբ։ Երբ խաղադաշտում էր 6 համարը (պետք է ասել, որ Արմենակ Ալաջաջյանը 6 համարի համազգեստ էր հագնում բոլոր այն թիմերում, որտեղ հանդես է եկել՝ Երևանի ՖԻՄԱ, Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ», ԲԿՄԱ, ԽՍՀՄ ազգային հավաքական, Մոսկվայի հավաքական, խորհրդային բանակի հավաքական), խաղի տեմպը նկատելիորեն բարձրանում էր։ Նա դանդաղկոտություն չէր հանդուրժում։ Արմենակը ստիպում էր «վազել» թե՛ իր խաղընկերներին, թե՛ մրցակիցներին։ Եվ բոլորից շատ դրանից տառապում էին նրա բարձրահասակ խաղընկերները՝ Ախտաևը, Տկաչենկոն, մյուս կենտրոնական հարձակվողները։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: