«ՍՈՐՍ» հիմնադրամն ամփոփել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործակցության հերթական տարին

Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երևանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաև նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարևոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, այլև նրանց ընտանիքների կյանքում: Հաշմանդամություն և հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներն այդ ծառայության շնորհիվ դուրս են գալիս ինքնամեկուսացումից. այլևս չեն սահմանափակվում բացառապես մոր հետ շփվելով, իսկ ընտանիքները վերադառնում են կյանքի բնականոն ռիթմի:

2014 թվականից, իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրագործելի դարձնելով սահմանած նպատակների իրականացումը: 2017թ-ին 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում և կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաև պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման և խնամքի կենտրոններում: Անհատական օգնականի աշխատանքը վերահսկվել է երեք գլխավոր մասնագետների կողմից, որոնք շտկել են երեխայի հետ աշխատելու զարգացման և ֆիզիկական վիճակի բարելավման ընդհանուր անհատական պլանը, ինչպես նաև կարգավորել և առավել արդյունավետ դարձրել աշխատանքը երեխա-օգնական-ծնող շղթայում:

«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մարինա Պարազյանը կարևոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին:

Յուրաքանչյուր երեխայի սպասարկումն, ըստ անհրաժեշտության, իր մեջ ներառել է խնամք, ինքնասպասարկման հմտությունների զարգացում, զբոսանք, ուղղորդում դպրոցներում կամ զարգացման տարբեր կենտրոններում, անընդմեջ ակտիվ աշխատանք յուրաքանչյուր երեխայի համար մշակված անհատական զարգացման պլանով: Մանկավարժ-օգնականներից և հատուկ մասնագետներից կազմված թիմին հաջողվել է հասնել զգալի արդյունքների՝ ապահովել երեխաների առավել անկախ, ուրախ և որակյալ ցերեկային զբաղվածություն, խնամակալ-ծնողներին՝ հնարավորություն տալ փոքր ինչ հանգստանալու, կրթվելու, բնականոն կյանքին վերադառնալու: