Հերմինե Նաղդալյանին հեռացնում են ԵԽԽՎ պատվիրակությունից. ով է փոխարինելու նրան

ԱԺ այսօրվա խորհրդի օրակարգում ընգրկված է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի փոփոխության հարցը։ Նիստը մեկնարկել է ժամը 16.00-ին:

Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Այս պահին ԱԺ խորհրդի նիստը ընթանում է փակ դռների հետևում: Օրակարգում ընդգրկված հարցը դեռ պետք է քվեարկվի խորհրդի 17 անդամների կողմից, որոնց թվում չկան ո՛չ Հերմինե Նաղդալյանը, ոչ էլ Կարինե Աճեմյանը:

ԱԺ խորհրդի որոշման նախագծում ասվում է.

«Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.

1) 1-ին հավելվածում` «Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերը փոխարինել «Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ)» բառերով:

2) 11-րդ հավելվածում` «Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .)» բառերը փոխարինել « Շուշան Սարդարյան (ՀՀԿ խմբ.)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»: