Այս միջոցառումը ժամանակին է և պահանջված, բայց ԵԼՔ-ը պետք է միանա քաղաքական մնացած ուժերին. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ԵԼՔ խմբակցությունը հունվարի 19-ին պատրաստվում է երթ կազմակերպել «Ո՛չ թանկացումներին» խորագրով: Սակայն «ԵԼՔ» դաշինքը որոշել է միայնակ հանդես գալ և  իրենց նախաձեռնությանը մասնակցելու չի հրավիրել ընդդիմադիր մյուս ուժերին: Իսկ արդյոք մյուսները պատրաստ են  սատարել ԵԼՔ դաշինքին: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին:

-Տիկի′ն Սարգսյան կմասնակցե՞ք ԵԼՔ դաշինքի` «Ո՛չ թանկացումներին» նախաձեռնությանը:

-ԵԼՔ դաշինքը դիմումով, կոչով հանդես չի եկել, չի ներգրավվել ընդդիմության մյուս ներկայացուցիչներին: Սա ոչ թե ընդդիմության միասնական միջոցառումն է, այլ «ԵԼՔ» դաշինքի նեղ կուսակցական միջոցառումն է: Եթե ԵԼՔ-ը ցանկանում է ազդել իշխանության վրա և հասնել այն բանին, որ վերջիններս զսպեն գնաճը, ապա պետք է այս միջոցառման մեջ ներգրավվել ամբողջ ընդդիմությանը:

-Արդյոք Ելք դաշինքը այս երթով որոշակի արդյունքի կկարողանա հասնել:

– Ես կարծում եմ այս միջոցառումը ժամանակին է և պահանջված: Եթե կառավարության կողմից որոշակի քայլեր ձեռնարկվեն գնաճը զսպելու ուղղությամբ, ապա կարելի է ասել, որ ԵԼՔ-ը իր նպատակին հասել է: Այս պահին սա կարծես առաջին ծիծեռնակն է, որ կարող է որոշակի ոգևորություն բերել ժողովրդի մեջ:

-Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները թանկացումների դեմ:

-Ժողովուրդն այսօր մենակ է մնացել, իր հոգսերի, իր խնդիրների մեջ: Սա քայլ է, որի հաջողության գրավականը ես տեսնում եմ ամբողջ ընդդիմության ներգրավվման մեջ: Չեմ կարծում, որ կարելի էր մեծամտություն դրսևորել: Սակայն սա լավ հնարավորություն է ցույց տալու համար, որ քաղաքացին մենակ չէ:

-Անկախ ԵԼՔ-ի չդիմելուն, այնուամենայնիվ դուք որպես ընդդիմություն կմասնակցե՞ք երթին:

– Ես նման որոշում դեռ չունեմ, բայց կքննարկենք մեր կուսակցությունում: Դեռ ժամանակ կա, կորոշենք մասնակցել, թե ոչ: Միգուցե ոչ պաշտոնական մասնակցություն լինի, որպես քաղաքացի: Ես լսել եմ նաև «ժառանգության» տեսակետը, որ դա զուտ ԵԼՔ- ի միջոցառումն է: Եթե ԵԼՔ-ը ցանկություն ունի ավելի լուրջ արդյունքի հասնել, պետք է միանա քաղաքական մնացած ուժերին:

զրուցեց Հասմիկ Սարգսյանը