Ինչպե՞ս արագ ազատվել աչքերի տակի այտուցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորիս հետ էլ, անշուշտ, պատահել է, երբ առավոտյան ուրախ տրամադրությամբ արթնանում ենք, մոտենում ենք հայելուն և աչքերի տակ այտուցներ ենք հայտնաբերում: Առաջին տագնապը, որ համակում է բոլորիս՝ այն է, թե ինչպե՞ս արագ ազատվենք այդ սարսափելի այտուցներից: Եվ ահա Ձեզ ենք ներկայացնում շատ արդյունավետ և, միևնույն ժամանակ, բոլորին հասանելի միջոցներ:

Սառույց: Առաջին հերթին՝ այդ այտուցներին կօգնի սառույցը: Վերցնում ենք սառույցի խորանարդիկները և շատ նուրբ շարժումներով մերսում ենք աչքերի շուրջը: Շարժումները սկսում ենք քթարմատից՝ դեպի աչքերի արտաքին անկյունը (հոնքերից ներքև), քունքերից՝ դեպի քիթը: Ամենակարևորը՝ չենք մոռանում չափի զգացողությունը, քանի որ աչքերը չպետք է սառչեն: Շատ ավելի լավ է մաղադանոսի հյութից խորանարդիկներ պատրաստել: Մաղադանոսը ցանկացած ձևով արագ նպաստում է աչքերի տակի այտուցների անհետացմանը: Կարող ենք օգտագործել սառեցված մաղադանոսը, թարմ մաղադանոսի հյութը կամ էլ մանրացված մաղադանոսի խյուսը: Մաղադանոսը դնում ենք աչքերի շուրջ և թողնում 20 րոպե: Լավ արդյունք ունենալու համար ցանկալի է մաղադանոսը նախապես փոքր-ինչ սառեցնել:

Կեչու տերևներ: Աչքերի տակի այտուցների դեմ պայքարում է նաև կեչու տերևներից պատրաստված թուրմը: Այն պատրաստելու համար մանրացնում ենք կեչու տերևները, ավելացնում ջուր և թողնում 10 ժամ: Այնուհետև բամբակի խծուծը թրջում ենք թուրմով և դնում աչքերի այտուցների վրա՝ մոտ 10-15 րոպե:

Կարտոֆիլ: Հում կարտոֆիլը նույնպես շատ փորձված միջոց է աչքերի տակի այտուցներից ազատվելու համար: Մաքրեք կարտոֆիլը կեղևից և մի քանի բարակ շերտեր դրեք աչքերի շուրջ:

Թեթև մերսում: Մատների բարձիկներով թեթև թխկթխկացրեք աչքերի տակի մաշկին, և կարճ ժամանակ անց այտուցները կանհետանան: Անշուշտ, եթե Ձեզ մոտ հաճախակի են նկատվում աչքերի տակի այտուցներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել տնական դիմակներ:

Վարունգի և դդմի դիմակ: Վերցնում ենք վարունգի և դդմի պտղամսի համաչափ չափաքանակ, ավելացնում մի քիչ մեղր և դեմքի քառորդ մասը ծածկում այս դիմակով: Այն լավացնում է դեմքի մաշկը և հատկապես կանխում աչքերի տակի այտուցների առաջացումը:

Ձվի դեղնուցի և ձիթայուղի դիմակ: Վերցնում ենք մեկ ձվի դեղնուց և ավելացնում 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնում ենք ստացված խյուսը և բամբակի խծուծով դնում դեմքին, թողնում 20 րոպե: Այնուհետև դիմակը հանում ենք տաք ջրով և ցայում դեմքը սառը ջրով: Հաճախակի օգտագործեք այս դիմակը և կհամոզվեք, որ աչքերի տակի այտուցվածությունը գնալով պակասում է:

Հնդկաձավարի ալյուր: Աչքերի տակի այտուցները վերացնելու լավագույն հին միջոցներից է հնդկաձավարի ալյուրը: Վերցնում ենք հնդկաձավարը, տապակի վրա չորացնում, այնուհետև աղում ենք և ավելացնում եռացրած ջուր: Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր և ստանում ենք փոքրիկ գնդիկներ: Այնուհետև գնդիկները դնում ենք աչքերի տակ և թողնում 20 րոպե:

Իսկ եթե աչքերի տակի այտուցների պատճառը երակային կամ ավշային կանգային երևույթներն են, ապա օրգանիզմի առողջության բարելավմանը կօգնի շիացու արևելյան մեթոդիկայով մերսումը: Ընդունեք հարմար դիրք, թուլացեք և մի քանի վարժություններ կատարեք:

1. Ձեռքի բութ մատով 10 վայրկյան թեթև սեղմեք աչքերի կոպերը:

2. Ձեռքի ցուցամատով, միջնամատով և մատնեմատով 3 անգամ սեղմեք կոպի վերին մասը:

3. Ձեռքի ցուցամատով մի քանի անգամ սեղմեք ներքևի կոպը՝ դեպի վերև ուղղվածությամբ:




Լրահոս