Օգտատերերի 80 տոկոսը դեմ է արտահայտվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ին կայացած կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելող օրենքին: Ընդ որում, նախագծի մեջ ամրագրված է, որ արգելքը ժամանակավոր է, սակայն այդպես էլ հստակ որևէ ժամկետ չի նշվում:

Եվ չնայած Աջ ղեկ նախաձեռնության պայքարին և առաջարկներին, կառավարության նիստի օրակարգում վերջին պահին ներառվեց նաև այս նախագիծը և անցկացվեց: Ընդգծենք սակայն, որ պայքարողների առաջարկներն այնուամենայնից լսելի դարձել են և նույնիսկ ապրիլի մեկից հետո աջ ղեկով ավտոմեքենաներ ունեցողները կարող են վերահաշվառել դրանք: Հիշեցնենք, որ ի սկզբանե որոշված էր արգելել նաև հաշվառումը:

Ինչպես հայտնի է՝ նախագծերն արդեն տեղադրվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, որտեղ օգտատերերը հնարավորություն են ունենում գնահատել օրենքը, ներկայացնել առաջարկությունները: Ուշագրավն այն է, որ նշված կայքում օգտատերերի 80 տոկոսը դեմ է եղել տվյալ նախագծին ընդունմանը:

Մեկ ուշագրավ փաստ ևս, այդ նույն կայքում օգտատերերը նաև հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց առաջարկները, սակայն դրանց մեծամասնությունը չի ընդունվել, մի քանիսը նշված է, թե ընդունվել է որպես ի գիտություն և ընդամենը մեկ առաջարկ է ընդունվել, այն էլ նախագծում տեղ գտած տառասխալն ուղղելու առնչությամբ: Հավելենք, որ չնայած աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքն արդեն ընդունվել է, սակայն արգելքի դեմ պայքարող նախաձեռնության անդամներն իրենց ակցիան ավարտված չեն համարում. նրանք մտածում են հետագա քայլերի շուրջ:




Լրահոս