Հայաստանում շուտով ավտոբուս կարտադրեն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանում հիմնվելիք ավտոբուսների արտադրությունը կթողարկի միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ գործարանին անհրաժեշտ պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, իսկ Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը:

Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչեւ 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս: Դրանք անաղմուկ կլինեն, հարմարավետ նստարաններով, կունենան օդորակման համակարգեր, ինչպես նաեւ զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից: Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի, իսկ մասնագետները
կվերաորակավորվեն ընկերության գործարաններում: Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում, իսկ մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները:

Ashok Լeyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ: Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից: ՀՀ կառավարության նիստում թույլատրվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երեւան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MedAK Gmbh» գերմանական ընկերությանը՝ ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար: Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան իրականացնել միջին եւ մեծ տեղատարողության ավտոբուսների արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 միլիոն դոլարին համարժեք դրամ: