ԲՀԿ-ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղից նա հաղթող դուրս չի գալու. Վահե Էնֆիաջյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագահի թեկնածուի հարցին՝ նշելով, որ նախագահի ընդդիմադիր թեկնածո ւչառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել ՀՀԿ-ի թեկնածուի համար:

«Այդ թեման, չգիտեմ, ավարտված եք համարում, թե ոչ, բայց բացառվում է, որ «Ծառուկյան» դաշինքը չստանար մեր գրությունը, և դա ուղարկվել է, ավելին` ես Վաֆե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»,- նշեց նա:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: «Քանի որ իմ անուն-ազգանունն է հնչել, ես ցանկանում եմ տեղեկացնել, որ գրությունը զուտ տեխնիկական պատճառներով անձամբ պարոն Ծառուկյանին չի ներկայացվել, սակայն առհասարակ «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնած գործընթացի հետ կապված, բնականաբար, պարոն Ծառուկյանը տեղեկացված է եղել»,- նշեց նա:

Անդրադառնալով նախագահ չառաջադրելու որոշման պատճառներին` Էնֆիաջյանը նշեց. «Oրենքը շատ հստակ սահմանում է, թե որ քաղաքական ուժը որքան պատգամավոր ունենալու պարագայում կարող է առաջադրում իրականացնել, և ոչ միայն առաջադրում, ինչ հավակնություն կարող է ունենալ: Մենք մի գործընթացի մեջ չենք մտնի, որն ի սկզբանե հաջողության չի կարող տանել: ԲՀԿ-ն չի մտնելու մի գործընթացի մեջ, որտեղից նա հաղթող դուրս չի գալու»:

 




Լրահոս