Գեղարքունիքի փոխմարզպետի որդու` նորատուսցի Հայկոյի սպանության հետքերով. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը:

Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Վերջինս այսօր մեր զրույցում ասաց, որ այս նիստին եւս դատարանում անախորժություն է եղել: Պաշտպանի խոսքով՝ սպանվածի հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այլ հարցերի Ռուստամ Խաչատրյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

Զրուցեցինք նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի Հովսեփ Սարգսյանի հետ:

-Մեղադրյալի պաշտպանն ասաց, որ հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այս մասին ի՞նչ կասեք:

Ինձ նման դեպք հայտնի չէ, նման բան կարծում եմ տեղի չի ունեցել, եթե լիներ, կարծում եմ իրավապահ մարմինների կողմից արձագանք կլիներ, կամ քրեական գործ հարուցված կլիներ, բայց համենայնդեպս նման բան չկա: Այսօր մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց արտագնա դատական նիստ անցակցնելու վերաբերյալ, իր միջնորդության մեջ էդպիսի բան էր նշել, թե նախորդ անգամ մոտեցել են ոստիկանական մեքենային, գոռգոռացել են եւ այլն, բայց որեւէ փաստարկված հիմնավորում չէր ներկայացրել: Դատարանը հայտարարեց, որ դատարանին հայտնի չէ մի դեպք, որ հարձակված լինեն կամ վնաս տված լինեն, նա ասաց՝ ընդհակառակը ուղեկցող ոստիկանները եւ նաեւ դատական կարգադրիչները հավուր պատշաճի իրականացնում են իրենց ծառայությունը:

-Այնուամենայնիվ, նորատուսցիները ցանկանո՞ւմ են ներկա գտնվել նիստին, մթնոլորտը լարվա՞ծ է:

Կա մարդկանց դժգոհություն, դժգոհությունն ու հարձակումը պետք է ուղղակի տարբերակել: Կարող է լարված լինել, որովհետեւ մարդիկ դժգոհ են եւ ցանկանում են մասնակցել նիստին, ուզում են հասկանան, թե իրենց գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ի՞նչ պատճառով է կատարվել եւ ինչո՞ւ: Բայց դատարանը որոշել է դռնփակ նիստ անել՝ իբրեւ ելնելով ամբաստանյալի անվտանգությունից:

-Իսկ ձեր վստահորդը՝ փոխմարզպետը, նույնպե՞ս ցանկանում է, որպեսզի նիստը դռնբաց լինի:

Այո, ինքը ոչ միայն ցանկանում է, այլեւ մեզ հորդորում է, որպեսզի անընդհատ միջնորդություններով հանդես գանք դռնբաց դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ հրապարակային լինի դատական քննությունը: Եվ ինքը դատարանի դահլիճում հայտարարել է, որ հանրությունից թաքցնելու որեւէ բան չունի եւ շահագրգիռ է, որպեսզի ընթանա հրապարակային դատաքննություն:

Նշենք, որ մեղադրյալի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ մեր զրույցում հայտարարում է տուժողի հարազատների «դժգոհությունների» մասին: Նախորդ նիստերում, նրա պատմելով՝ տուժողի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել մեղադրյալի եւ իր հասցեին, մի անգամ էլ ըստ պաշտպանի՝ փորձել են հարձակվել Մեխակ Հարությունյանի վրա, սակայն կարգադրիչները նրան հազիվ հեռացրել են նիստերի դահլիճից: Ռուստամ Խաչատրյանը պնդում է, որ Մեխակ Հարությունյանի կյանքին վտանգ է սպառնում, այդ պատճառով էլ միջնորդել է նիստերը քննել դռնփակ: Բանն այն է, որ 2017 թվականի մարտին «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ:

Մեխակ Հարությունյանը մեղադրվում է սպանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: