Գործակալները սպասում են. ինչ են խոստավել ՊԵԿ-ից

Նշենք, որ ԱՊՊԱ կատարող գործակալները մաքսակետի տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի ավտոապահովագրական գործունեությունը դադարեցնելու պահանջով գրավոր դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, պետական եկամուտների կոմիտե եւ պետական գույքի կառավարման վարչություն: ԱՊՊԱ գործակալների կողմից մաքսակետի ճանապարհը երկու անգամ փակելն արդյունք տվեց: Բագրատաշենի մաքսակետի տարածքում գտնվող «Թոփ-ՍՓին» ՍՊԸ-ի գրասենյակը, ուր ԱՊՊԱ էր կատարվում, հունվարի 9-ի երեկոյան դադարել է գործել:

Հունվարի 10-ին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Բագրատաշենի մաքսակետ, հանդիպել ավտոապահովագրություն կատարող ընկերությունների գործակալների հետ եւ նրանց համագործակցության առաջարկ արել: ԱՊՊԱ կատարող գործակալներն այդ առաջարկի պայմանները քննարկել են միմյանց եւ այն ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց գործակալներն են:

Ավտոապահովագրողներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք համաձայնել են համագործակցել ՊԵԿ-ի հետ: Առայժմ դեռ որոշված չէ` վերադարձ կատարվելո՞ւ է նախնական վիճակին, երբ ԱՊՊԱ-ն կատարվում էր միայն Բագրատաշենի մաքսակետից դուրս գտնվող տարածքում, թե՞ մաքսակետի տարածքում ԱՊՊԱ կատարելու համար բոլոր ընկերություններին տարածք է տրամադրվելու: ԱՊՊԱ կատարող գործակալները սպասողական վիճակում են: Նրանք չիմացան, թե բարձրաստիճան ո՞ր պաշտոնյան էր կանգնած ավտոապահովագրություն կատարելու համար մաքսակետի տարածքում պետական գույքի կառավարման վարչությունից չնչին` ամսական 25 հազար դրամով, 10 տարի ժամկետով, 11.6 քառակուսի մետր մակերեսով տարածք վարձակալած «Թոփ-ՍՓին» ՍՊԸ-ի թիկունքում: Ոսկան

Սարգսյան
Տավուշ