Շարունակական մասնագիտական զարգացման ծրագիրը կներդրվի նաև Արցախում

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները  քննարկել են Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող առանձին ծրագրեր Արցախում ներդնելու և այդ ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնելու հարցերը: Նշված ծրագրերից մեկն էլ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպումն է։

Բժշկության առանձնահատկությունները և մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ բուժաշխատողների մեծ պատասխանատվությունը պարտադրում են մասնագիտական ամբողջ գործունեության ընթացքում շարունակաբար ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ:

Մեր երկրում այդ գործընթացն իրականացնելու համար իրավական հիմք է ապահովվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխություններով։ Համաձայն դրանց մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ և միջին բուժաշխատողները պետք է հավաստագրվեն:

Շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) բազմատարր գործընթաց է և ներառում է տարբեր եղանակներով տեսական ու գործնական գիտելիքների, հմտությունների զարգացում։

Հավաստագրման և կրեդիտավորման գործընթացներն իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում ստեղծվել է Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն, կրեդիտավորվել բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին վերաբերող 359 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից։ Կրեդիտավորվում են նաև հրավիրյալ բժիշկների կողմից անցկացվող տեսական և գործնական դասընթացները: Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորություն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում հիմք են հանդիսանալու նրանց մասնագիտական
գործունեության հավաստագրման համար։

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը մասնագիտական գործունեության, ապա նաև գործունեությունը շարունակելու իրավունք է, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով: Այն կտրվի ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում: Ընդ որում, վերջին 5 տարում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ չունենալու կամ նշված շրջափուլում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը (ավագ բուժաշխատողներ՝ 220, դեղագետներ՝ 160, միջին բուժաշխատողներ՝ 140, դեղագործներ՝ 100), չհավաքելու դեպքում կտրվի վերապահումով հավաստագիր, որը
բուժաշխատողներին թույլ կտա մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հսկողության ներքո:

2017 թվականից գործընթացն առավել համահունչ է դարձել միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների և էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջները համապատասխանեցվել են Շարունակական մասնագիտական զարգացման եվրոպական հավատարմագրման խորհրդի կողմից ընդունված չափանիշներին։

Այս համակարգի ներդրման նպատակը ոչ միայն բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն է, այլև բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումն ու բարելավումը։