Ինչ վիճակում է Վրաստանում ավազակային հարձակման ենթարկված հայ գործարարը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։ Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ։

Հիշեցնենք` Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: «Նովոստի Գրուզիան» հայտնում է, որ տուժածը ՀՀ քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի: Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: